Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը
Վերջին օրերին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով ստեղծված թուրք-իսրայելական լարվածությունը ավելի է խորանում: Մայիսի 15-ին Իսրայելը հայտարարել է, որ արգելք է սահմանել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Մենք այլևս չենք աջակցելու Թուրքիային»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են թուրքական գյուղմթերքի ներմուծումը:
Այսօր Թուրքիայի նախագահին արձագանքել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Էրդողանը «ցեղասպանություն» էր անվանել Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները:
«Էրդողանը Համաս»-ի ամենամեծ աջակցողներից է: Այդ իսկ պատճառով նա, անկասկած, լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունը և կոտորածը։ Իրեն խորհուրդ եմ տալիս, որ մեզ բարոյականության խրատներ չտա։ Մարդ, ով հազարավոր թուրք զինվորների է ուղարկում Կիպրոս այնտեղի օկուպացիային աջակցելու համար, մարդ, ով ներխուժում է Սիրիա, իրավունք չունի մեզ խրատներ տալ, այն դեպքում, երբ մենք ընդամենը մեզ ենք պաշտպանում «Համաս»-ից։ Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող անթիվ քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»,-ասել է Նեթանյահուն։
Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
Թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Կատարվածի համար Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատել են իսրայելական իշխանություններին:
Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպաններին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի և Պաղեստինի սահմանին շարունակվում են բողոքի մասնակիցների բախումները զինվորականների հետ
- Թուրքիայի արտգործնախարարը անիծել է Իսրայելին
- Էրդողանն Իսրայելին մեղադրում է տարածաշրջանն ահաբեկելու մեջ
- Կրեմլում մտահոգված են Իրանի ու Իսրայելի միջև լարվածության աճով