Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին պատմություն կերտել՝ լուծելով ԼՂ հակամարտությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին՝ բացելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունը։ Համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում քվեարկության կդրվի 2018թ․-ի հուլիսին։
Համաձայնագրին հավանության արժանացնելուց բացի, հանձնաժողովը հավանություն տվեց նաև պատգամավոր Լասզո Տոկեշի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ առանձին զեկույցի նախագծին, որով պատգամավորները կոչ են անում Հայաստանին զգալի առաջընթաց արձանագրել ԶԼՄ-ների ազատության, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի, փողերի լվացման ու օլիգախիկ վերահսկողության դեմ պայքարում։ Նրանք հիշեցնում են, որ ԵՄ արժեքներից շեղումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները, կարող է հանգեցնել համաձայնագրի կասեցման։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղ իշխանափոխության համար, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից ցուցաբերած զսպվածությունը։ Նրանք շնորհավորում են Նիկել Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ ու ակնկալում առավել ընդլայնված համագործակցություն։
Անդրադառնալով արևտրային հարաբերություններին՝ նշվում է, որ համաձայնագիրը չի ներառում տարիֆների վերացում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պատճառով, ինչը, սակայն, չի խանգարում Եվրամիությանը՝ լինել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու առաջին դոնորը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ԵՄ-ն նախապայման չի դնում գործընկերոջ առաջ խորացված հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ՝ երրորդ կողմի հետ հարաբերությունների հաշվին։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին առավել մեծ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բանակցություններում՝ երկու երկրներում տեղի ունեցած ընտրություններից հետո։ Խորհրդարանը կողմերին կոչ է անում «հակամարտությունը կարգավորելով պատմություն կերտել, որը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»։
Խորհրդարանն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն խաղաղությանն ու լավ հարևանական հարաբերությունների զարգացմանը՝ ներառյալ բարձր մակարդակով բանակցությունները, հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները։ ԵՄ-ին կոչ է արվում նաև աջակցել այն ծրագրերին, որոնք կմեծացնեն հայկական ու ադրբեջանական ՀԿ-ների ու երիտասարդական կազմակերությունների միջև շփումները։