Ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները
Մի քանի քաղաքացիներ այսօր պատռեցին Երևանի կենտրոնում՝ Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու շուրջ բոլորն ամրացված պաստառները:
Այստեղ մի քանի ամիս շինարարական աշխատանքներ են ընթանում: Երեկ սոցցանցերում լուսանկարներ հրապարակվեցին, որ այգու ծառերը հատվել են:
Քաղաքապետարանից արձագանեցին. «Աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»:
«Եթե ավագանին տեսել է այս նախագիծն ու հաստատել, ուրեմն պետք է նրանք էլ պատժվեն, նրանք ևս կրում են պատասխանատվություն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մի աղջիկ:
Նրա խոսքով, գլխավոր պողոտայի այգում էլ էս պահին շինություններ են հիմնել՝ «Տաշիր Պիցցա» սարքելու նպատակով. «Այգու 2/3-ը շինարարություն է, ամֆիթատրոնն ամբողջությամբ չկա, «Տաշիր պիցցա» են սարքում, մեզ պետք է հանրային տարածք: Սա վանդալիզմ է»:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկան փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Վերջինն ասաց, այգին բարեկարգում է «Վարդանյան ընտանիք»-ը, հատվել են 50 տարեկանից մեծ ուռիներ ու թեղիներ, 25 ծառից ավելի:
«Մինչև սեպտեմբերի 1-ը այգին պատրաստ կհանձնվի Երևանին: Համաձայն, դենդրո նախագծի, հատած 25-27 ծառի փոխարեն ավելի շատ ու բարձրակարգ ծառեր են տնկվելու: Քաղաքային միջավայրում թեղին 50 տարուց ավելի չի դիմանում, լացող ուռենիներն էլ կյանքն ապրած էին, շուռ գալու վտանգ կար»,-ասաց Մարտիրոսյանը:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էլ նշեց, որ այգու բարեկարգման նախագիծը, քննարկվել է, հաստատվել է:
Ակցիայի մասնակից աղջիկներից մեկն ընդհատեց Օհանյանին՝ հիմնավորելով. «բարբաջում է»:
Քաղաքապետի տեղակալը հորդորեց շնորհքով խոսել, հիշեցնելով իր տարիքը:
Այս պահին այգու մոտ ակցիան շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին