Ավելի բարեկարգ դպրոցներ
Ծնողները բողոքում են։ Ասում են՝ դպրոցների տնօրենները կանչել են ծնողներին, «վախեցրել ու պատվիրել» խելոք մնալ, հավաքներ ու մերժումներ չանել։
Ու դրա համար ծնողները նեղվել են։ Վախեցած են երևի։ Բայց ծնողները առաջ էլ էին վախեցած, երբ հեզորեն դրամահավաք էին անում, որովհետև «եթե չտաս, երեխայիդ լավ չեն նայի, գնահատականը կիջեցնեն»։
Քանիսի՞ մտքով է անցել՝ կարելի է այնքան անկախ լինել, որ եթե իր երեխային հատուկ իջեցված գնահատական դնեն, կամ հետը լավ չվարվեն, գնա օրինական ճանապարհով՝ պահանջի հանձնաժողով, պահանջի օրինազանց ուսուցչի նկատմամբ նկատողություն ու աշխատանքից հեռացում՝ ուսուցչին անվայել պահվածքի համար։
Հնարավոր է շատերի մտքով, բայց՝ «հավես չի եղել պայքարելու»։ Ու հետո՝ «բա որ երեխան, պարզվի, իրոք երեքի գիտելիք ունի, իսկ հիմա չորսեր է ստանում»։ Կամ՝ վեց- ութ, մեկ է։
Փաստորեն տարիներով վախեցած ծնողները, որ սարսափից կամ անհավեսությունից գումարներ են հավաքել, հիմա էլ են պատճառ գտել վախենալու՝ տնօրենները ասում են ցույցեր չանեք։ Այսինքն՝ ասում են «քայլ չանեք»։ Ու ծնողներն էլ, փոխանակ իրենց զգան տարիներով ապրած պատյանի մեջ, երկմտում են՝ երեխաներին գցեն դեմները, մերժեն տնօրեն-ուսմասվարներին, թե շարունակեն գումարներ հավաքել ու նեղված բամբասել ընդամենը։
Երեխաները չէ, բայց ծնողներն ու ուսուցիչները արժեն իրար։ Վախեցնողն ու վախեցածը, հավեսով մատ թափ տվողն ու անհավես երկմտողը։
Կրկին ոչինչ այնքան լավ ցույց չի տալիս հասարակական խմորումներն ու իրավիճակը, տրամադրություններն ու միտումները, որքան՝ դպրոցը։
Ծնողներ, քանի ունեք «քայլ արած» ԿԳ նախարար, միգուցե հետևեք երեխաների ուսմանը, չվախենաք չերազած գնահատական ստանալուց ու չանե՞ք անօրինական պահանջներ։ Ձեզնից է կախված, թե ինչ երեխա կմեծացնեք։ Եթե սովորեցնեք սպասել մեծամասնությանը ու շատերի մեջ թաքնված «մերժելուն», կկորցնեք նրա անհատականությունը, ուժը՝ երբ հանկարծ, ինչ-ինչ պայմաններով հայտնվի ոչ մեծամասնության մեջ։ Մի թուլացրեք երեխաներին՝ կրթությունը միշտ է ուժ եղել, սկզբունքը՝ միշտ հարգի։
Ու եթե նույնիսկ միայն «հավաքարարի գումար» են հավաքում, էլի ունեք ընտրություն՝ մի տվեք, թող ձեր երեխաները մաքրեն իրենց դասարանները։ Ի դեպ՝ երկրներ կան, որ դասարանների ինքնուրույն մաքրելը դաստիարակության մաս է։
Ինչ վերաբերում է տնօրեններին՝ նրանք վաղուց են սովոր մատ թափ տալու, ու եթե չունեն հասունանալու ներքին կարողություններ, նրանց բան էլ չունեմ ասելու։
Անահիտ Ոսկանյան