ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 16-ին հրապարակվեց դատարանի որոշումը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նախ ընդգծեց՝ դատարանի համար ընդունելի չէ դիրքորոշումը, թե դատարանը ղեկավարվել է որևէ մեկի ցուցումով կամ հրահանգով։ Նա ասաց, որ որոշումը կայացնելիս դատարանը դարձյալ առաջնորդվել է օրենքով և ներքին համոզմունքով։
Մակյանը հայտնեց, որ դատավորը պարտավորություն չունի խափանման միջոցը փոխելու հարցին պարբերաբար անդրադառնալ սեփական նախաձեռնությամբ, այլ պարտավոր է այդ հարցին անդրադառնալ փաստաբանների միջնորդության առկայության դեպքում։
Դատավորը նշեց, որ ընդունելի չեն պնդումները, թե կալանավորման հիմքերը, որ կային նախկինում, այլևս վերացված են։
Իբրև միջնորդության մերժման հիմք՝ դատավորը նշեց, որ այս պահին առկա են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առկա որոշ վտանգներ, այն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն իրականացնելը կամ առանց հարգելի պատճառների չներկայանալով՝ դատավարությանը խոչընդոտելը։ Մակյանը նշեց, որ հիմքերից վերջինը դիտարկելիս հաշվի են առել դատավարության մասնակիցներից ոմանց ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի նկատմամբ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ հայտնվելով ազատության մեջ՝ նրանք կխոչընդոտեն դատավարությանը։
Վճռի հրապարակման կեսից ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը, դատավորը նկատողություն հայտարարեց՝ դահլիճը լքելու, կարգը խոչընդոտելու համար, ապա հայտնեց, որ նրանց նկատմամբ նրանց 10 ժամով դատական նիստերից հեռացնելու սանկցիա է կիրառվում։
Փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Ղարագյոզյանը, հանրային պաշտպաններ Անյուտա Մկրտչյանը, Լիանա Գասպարյանը, Արմինե Ֆանյանը, Հրանտ Գևորգյանը ևս լքեցին, նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ նկատողություն հայտարարվեց։ Դատավորը նաև հայտնեց, որ համապատասխան գրությունը կուղարկվի Փաստաբանների պալատ։ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան է ներգրավվել՝ հետագա քննությունը պատշաճ և ողջամիտ ժամկետներում իրականացնելու նկատառումից ելնելով։
Դատարանը մերժեց 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Գործի քննությունը հետաձգվեց, այն կշարունակվի մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Ավետիսյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի խոսքին
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը
- Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան