Դրամահավաքների կազմակերպիչները խստիվ պատժվելու են. ԿԳ նախարար
«Բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն գումարները, որոնք հավաքվել են, արդեն վերադարձվել են, բայց կան նաև դպրոցներից ահազանգեր, որտեղ գումարներ հավաքվում են։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները հանձնել եմ իրավապահ մարմիններին»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ պատասխանելով Վերջին զանգի հետ կապված դրամահավաքության դեպքերին վերաբերող հարցին։
Նա նշեց, որ երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ևս խոսել են այս հարցով. «Հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տալ, դրամահավաքների կազմակերպիչները խստիվ պատժվելու են»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև բուհերում կառավարման խորհուրդների հետ կապված փոփոխություններից։
«Բարձրագույն կրթության մասին օրենքում պետք է փոփոխությունն արվի, որ բուհերի կառավարման խորհուրդներում որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական գործիչ այլևս տեղ չունենան։ Խորհուրդները լինեն ինքնավար և ակադեմիական ազատությունը չտուժի»,- ասաց նախարարը։
Նաև հավելեց, որ առանձին-առանձին բոլոր բուհերի հետ կապված խնդիրներն ուսումնասիրում են. «Հիմա չեմ ցանկանա որևէ կոնկրետ բուհի հետ կապված կարծիք հայտնել, դա կոմպլեքս խնդիր է, որը կլուծվի օրենքի փոփոխությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները