Խաչատուրովը Տոնոյանին տեղեկացրել է ՀԱՊԿ հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Յուրի Խաչատուրովը նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում