Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը
Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:
Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան բուժման կազմակերպումը շարունակելու նպատակով: Սա, մասնավորապես, նշանակում է, որ Հայաստանի կլինիկաներում բուժվող մանկական քաղցկեղով հիվանդները կստանան անհրաժեշտ բուժումը, և բուժող բժիշկներն ու օգնության կարիք ունեցող մանկական քաղցկեղով հիվանդները կարող են դիմել հիմնադրամներին՝ անհրաժեշտ օգնության կազմակերպման համար:
Բացի այս պահին առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց, հիմնադրամները համատեղ կաշխատեն նաև ոլորտի առողջացման ու երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:
Այս նպատակով, խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի տիկին Աննա Հակոբյանը: Աշխատանքային խմբի կազմում են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: Աշխատանքային խումբը բաց է համագործակցության և առաջարկությունների համար, և ցանկացողները կարող են կապ հաստատել վերը նշված հիմնադրամների ու անհատների հետ:
Մոտակա շաբաթներին աշխատանքային խումբը կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը:
«Անհրաժեշտ է նաև նշել, որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը պահանջում է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ և մեր բոլորի՝ նույնիսկ աննշան թվացող աջակցությունը կարող է բերել մեծ արդյունքների: Եթե բոլորս միավորենք մեր ուժերը, ապա կկարողանանք ոչ միայն լուծել մանկական քաղցկեղով երեխաների խնդիրը, այլև քաղցկեղով բոլոր հիվանդների համար ապահովել արժանապատիվ և ժամանակակից բուժում:
Եվ ուրեմն՝ ի գործ:
Ստորև ներկայացվում են հիմնադրամների կոնտակտային տվյալները.
«Առողջության Կամուրջ» հիմնադրամ - www.bridgeofhealth.org
«Մենք ենք» հիմնադրամ - www.menqenq.com
«Օգնեմ» հիմնադրամ – www.ognem.am
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ - www.cityofsmile.org
«Ֆոնդ100» հիմնադրամ – www.f100.am»,- նշված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում