Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ Philharmonie Gasteig, որտեղ իր ելույթներն է ունենում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը,Գերմանիայի Շտուտգարդ, Վիսբադեն քաղաքների հեղինակավոր դահլիճներում, որտեղ բեմ են բարձրանում աշխարհի անվանի նվագախմբերն ու արտիստները։
Եվրոպական շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 19-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայից։ Վեց համերգների ընթացքում Եվրոպայի երաժշտասերներին կներկայացվեն մալթացի ժամանակակից հեղինակներ Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի և ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1968 թվականին, և այս տարի նշվում է կոլեկտիվի 50-ամյա հոբելյանը։ Նվագախումբը բազմիցս հանդես է եկել մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ՝ գեղեցիկ զգացումներ պարգևելով ունկնդիրներին։ Մալթայի ֆիլհարմոնիկն այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում Մալթայում և այլ երկրներում։
Հարակից հրապարակումներ`
- Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում այսօր հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
- Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրել է Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները
- Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
- Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում