Նոր ՋԷԿ-ի շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ
Գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտնել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին՝ անդրադառնալով Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ըստ պարոն Ռուբինիի, ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ:
«Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդգծել. «Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»: Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության և իտալական ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում հետագայում մեր երկրում կյանքի կկոչվեն նոր ներդրումային ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքը
- Երևանում նախատեսվում է կառուցել 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան
- Նոր ՋԷԿ-ի կառուցումը դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ համակարգի վրա. Վաչե Գաբրիելյան
- Նախագահը ներկա է գտնվել Երևանի նոր ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը