Թորոսյան. Այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս ելեք այն կանխավարկածից, որ վաղը նախարար եք դառնալու
«Ես կոչ եմ անում բոլորին, որ այսուհետ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ կատարելիս ելնել այն կանխավարկածից, որ իրենք վաղը նախարար են դառնալու»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով նախկինում սոցցանցերում արված իր մի շարք հայտարարություններին, որոնք քննադատությունների են արժանացել հատկապես իր նախարար նշանակվելուց հետո:
Նշենք, որ նորանշանակ նախարարի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:
Մասնավորապես, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նրա գրառումները սքրինշոթերի տեսքով այսօր տարածում են, որոնցում Արսեն Թորոսյանը վիրավորել է այն ծնողներին, որոնք, օրինակ, դեմ են պատվաստումներին:
Նախարարը նշեց, որ ուզում է մեկ անգամ ևս շեշտել՝ ինքը դա ասել է երեխաների, կանանց կյանքեր փրկելու համատեքստում. «Այո, կոնկրետ օգտատերերի ասվել է սուր, երբեմն կոպիտ, որի համար ներողություն եմ խնդրել, եթե որևէ մեկը վիրավորվել է դրանից»:
Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում այսուհետ չի առաջնորդվելու միայն իր անձնական դիրքորոշումներով, չնայած, ըստ նրա, դրանք հիմնականում օբյեկտիվ են:
«Ամեն դեպքում՝ որպես գերատեսչության ղեկավար, քաղաքականություն մշակող մարմնի ղեկավար, իմ խնդիրը լինելու է ՀՀ ազգաբնակչության առողջության պահպանումը: Մեր առաքելությունը միայն դա է լինելու»,- նշեց առողջապահության նախարարը:
Հարցին, թե որպես առողջապահության փորձագետ հաճախ է քննադատել ոլորտում առկա խնդիրները, նախարարի պաշտոնում ինչքանո՞վ դա կօգնի իրեն աշխատել, Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքն արդեն վեր հանված խնդիրները նորից բարձրաձայնել է՝ շեշտելու համար, որ դրանք կան և պետք է լուծվեն:
Օգտատերերից մեկը նախարարից հետաքրքվել էր՝ արդյոք պատվաստումները կդարձնեն պարտադիր, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ պատվաստումները պարտադիր են և չի կարող լինել ապրիորի: Դա մարդու ազատ գործելու իրավունք է, սակայն կան երկրներ որտեղ պատվաստումների ցածր ծածկույթի պատճառով կան ինֆեկցիաների բռնկումներ: Այդ երկրների կառավարությունները կոշտ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի պատվաստումների ծածկույթը մեծանա: Օրինակ՝ Ֆրանսիայում ծնողներին տուգանում են երեխաներին չպատվաստելու համար, Իտալիայում պատվաստում չանցնելու դեպքում երեխաներին թույլ չեն տալիս մանկապարտեզ կամ դպրոց հաճախել: Կարող եմ ասել, որ մեզ մոտ իրավիճակը շատ լավ է, և մենք նման միջոցառումներ անցկացնելու կարիք չունենք: Հուսով եմ, որ այսուհետ էլ կարիք չենք ունենա՝ շնորհիվ թե առաջնային օղակի բուժաշխատողների, թե ծնողների ողջախոհության»: