Զեյնալյան. Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ
«ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա»,- այս մասին նշել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովի ընթացքում։
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զեյնալյանը նշել է. «Մենք բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Ընդ որում, ժողովրդավարության վերելքի և հանրային իշխանության նկատմամբ հասարակության վստահության աննախադեպ բարձր մակարդակի այս փուլում հավասարապես կարևորվում է բոլոր կողմերի, այն է՝ պետական իշխանության բոլոր օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտի, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների ջանքերի մեկտեղումն՝ ուղղված ընդհանուր նպատակը կյանքի կոչելուն»։
Այս համատեքստում, արդարադատության նախարարը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչպես որ անհանդուրժող եղել են այլ բացասական երևույթների նկատմամբ:
«Երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ»,- հավելել է Զեյնալյանը:
Միջոցառումն իրականացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում