Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն առաջին եռամսյակում զգալի աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 2 589.6 հազար լիտր բնական հյութեր:
Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.5%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ԱՎԾ-ից, այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 2 485.9 հազար լիտր մրգահյութ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.2%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը 2017 թ-ի հունվար-մարտի համեմատ նվազել է 10.6%-ով՝ կազմելով 103.7 հազար լիտր:
Ինչ վերաբերում է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը, ապա 2018 թ-ի առաջին եռամսյակում արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է 69.2%-ով` կազմելով 25 564.5 հազար լիտր: