Փորձագետը՝ նոր կառավարության անելիքների մասին
«Ի տարբերություն նախորդ կառավարությունների, այս կառավարությունն ունի բավականաչափ սոցիալական մեծ կապիտալ, դա համագործակցությունն է, պատրաստակամությունը և փոխվստահությունը»,- այս մասին այսօր «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փորձագետ Արտակ Մանուկյանը։
«Օրինակ՝ հրեական ադամանդագործության մեջ սոցիալական կապիտալը հնարավորություն է ընձեռում, որ մարդիկ առանց պայմանագրեր կնքելու, վստահության հիման վրա մեծացնեն արտադրական շղթան»,- նշեց նա:
Անդրադառնալով նոր կառավարության անելիքներին՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ ճիշտ կլինի կիրառել հարկային համաներում. «Սա քայլ է, որ բիզնես սուբյեկտներին հնարավորություն է տալիս ինքնամաքրվելու»:
Նաև նշեց, որ այս օրերին նկատվում է գների նվազում՝ հատկապես պարենային ապրանքների շուկայում։
«Ստվերի դեմ պայքարը նաև բերելու է գների որոշակի աճի, սակայն մրցակցության բարձրացման պայմաններում գները կնվազեն»,- ասաց նա:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ ներկայիս կառավարության ամենադժվար քայլը լինելու է տնտեսության ռազմավարության մշակումը, քանի որ ակնհայտ է՝ ռազմավարության փոփոխությունը հնարավոր չի իրականացնել կարճ ժամկետում:
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, մարդկային կապիտալի զարգացումն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ ունենալ մրցունակ տնտեսություն. «Կառավարութան թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի մրցունակության բարձրացումը»:
Արտակ Մանուկյանը հատկապես կարևորեց երեք ոլորտ՝ կրթություն, գիտություն և առողջապահություն, որտեղ պետք է մրցակցությունը բարձրացնել։ Ըստ նրա՝ այս ոլորտներում պետք է առաջանցիկ տեմպերով ավելացնել ծախսերն ու եկամուտները։
«Շատ է խոսվում հակակոռուպցիոն միջոցառումների մասին: Այո, դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Ենթադրենք կրթության ու գիտության ոլոտում չկա կոռուպցիա, բայց եթե աշխատավարձը ցածր է, դու այդ ոլորտում երբեք չես ունենա պրոֆեսիոնալ մասնագետ: Այսինքն՝ եղած հնարավորություններով չես կարող կրթության որակը բարձրացնել», - ասաց տնտեսագետը։
Նույն խնդիրն, ըստ նրա, կա նաև պետական հատվածում: Երիտասարդների համար այն գրավիչ չէ, ուստի պետք է այստեղ էլ վարքագիծը փոխել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան