Պիպոյան. Զանգվածային թունավորման դեպքը շոկ չառաջացրեց, որովհետև սպասելի էր
Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման դեպքին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքեց մեկ օր անց, ամենավերջում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններից ու քննչական կոմիտեից հետո: Ուշացած արձագանքն էլ, պարզվում է, շատ հարցեր անպատասխան է թողնում: Իսկ դա, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի, խոսում է ծառայության կատարած աշխատանքի որակի մասին:
«Պետք էր առաջին հերթին հասկանալ, թե որ փուլում է առաջացել խնդիրը, թե տեղում ինչպիսին է եղել սանիտարահիգիենիկ վիճակը: Չկան նաև տեղեկություններ, թե ինչպես է տեղափոխվել այդ մթերքը, ինչ պայմաններում է կազմակերպված եղել արտադրությունը: Այս հարցերի պատասխանների առկայության դեպքում կարելի էր ասել, պատճառը հո՞ւմքն է եղել, թե՞ մեկ այլ բան»,- Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀԿ նախագահը:
Խոսելով ծառայության արձագանքից ստացած տպավորության մասին, Պիպոյանն ասում է, կարծես լիազոր մարմինը խոսում է ոչ թե թունավորման պատճառների մասին, այլ փորձում է ներկայացնել, որ ինքը աշխատանք է կատարել, արտադրություն է կասեցրել:
«Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ է կասեցվել, որովհետև մատկարարված ապրանքը դարձել է թունավորման պատճա՞ռ, թե՞ սանիտարական պայմանները պահպանված չեն եղել: Սրանք հարցեր են, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,-նշեց նա:
Սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետն այն համոզմանն է, որ զանգվածային թունավորման պատճառ աղիքային ցուպիկը չէր կարող լինել: Հաշվի առնելով հավի մսի վերաբերյալ աղմկահարույց պատմությունները, պետք էր հասկանալ, թե հավի հետ ի՞նչ պանիր է օգտագործվել, հավի միսը ջերմային ի՞նչ մշակման է ենթարկվել:
«Սա սիրողականության հետևանք է ու դա արտահայտվում է նաև տարածած հաղորդագրության մեջ»,-կարծիք հայտնեց նա:
Ամռանը՝ շոգին թունավորման վտանգը մեծանում է: Պիպոյանն այս պարագայում կարևորում է ռիսկերի վրա հիմնված, խիստ ճշգրիտ, պրոֆեսիոնալ ու ոչ սիրողական աշխատանքի իրականացումը, որակի վերահսկողության պատշաճ իրականացումը: Հակառակ դեպքում, ըստ նրա, կլինի աշխատանք, բայց ոչ չափելի արդյունք:
«Ուշագրավ է, որ զանգվածային թունավորման դեպքը չի առաջացնում շոկ հասարակության մոտ, որովհետև սպասելի է: Ես միշտ ասել եմ, որ այս ոլորտում միայն կամքը բավարար չէ, ու չի բացառվում, որ մի քանի տարվա աշխատանքից հետո՝ պտուղները քաղելու ժամանակ պարզվի, որ ոչ մի պտուղ էլ չկա»,-նկատեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, պետք է գնահատվեն ոլորտի առաջնահերթությունները, կարևորագույն հարցերը, աշխատանքներն ել իրականացվեն ըստ դրանց:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է ԱՁ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Արմավիրի մասայական թունավորման դեպքի վերաբերյալ
- Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրում մասսայական թունավորման փաստով
- Թունավորվածների առողջական վիճակը բավարար է
- Արմավիրում զանգվածային թունավորում է՝ 90 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան