Նախկին կառավարությունները երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքն արդյունավետ չեն օգտագործել. Վահագն Խաչատրյան
Գործող իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի՝ բարեփոխումներն իրենց նպատակին, տրամաբանությանը հասցնելու համար։ Այս մասին «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում առկա պոտենցիալն արդյունավետ օգտագործելու դեպքում երկրում հաջողություններ կգրանցվեն։
«Իրականում, երբ բարեփոխումներ են կատարվում երկրում, միշտ դիմադրողներ լինելու են։ Երբ 1990-ականներին բարեփոխումները մի պահ կանգնեցին, որը հիմնականում պայմանավորված էր քաղաքական ընդդիմախոսների կեցվածքով և դժվարություններով, այդտեղից սկսվեցին նաև մեր անհաջողությունները։ 1998 թվականի նոր իշխանությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների չգնաց, դրանով մինչ այդ արված բարեփոխումները մոռացության մատնվեցին և ժամանակի ընթացքում ուղղակի սպառվեցին»,- նշեց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նրան Հայաստան այցելելու հրավերին: Տնտեագետը նշեց, որ իրեն հաճախ են հարցնում՝ միթե՞ Հայաստանի տնտեսագիտական միտքն այդքան տկար է, որ Աճեմօղլին պետք է գա, սակայն, ըստ նրա, իրականությունն այն է, որ նախկին կառավարությունները երբևէ չեն օգտագործել տնտեսագիտական միտքը:
«Իրականում ես գտնում եմ, որ նախկին իշխանությունները, կառավարությունները երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքը արդյունավետ չեն օգտագործել: Այդ միտքը ոչ մի տեղ չի օգտագործվում: Խոսքը Աճեմօղլուն չի վերաբերում: Չեմ կարծում, որ այն խորհրդատվությունը, որ շատ դեպքերում տալիս են, դրանց մասին մեզ մոտ գրված չէ: Ուղղակի դա երբեք չի ուսումնասիրվում, չի օգտագործվում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նա մի օրինակ բերեց՝ նշելով, որ տնտեսագիտական ամսագրերում երիտասարդներն այնպիսի հետաքրքրիր հոդվածներով են հանդես գալիս, այնպիսի մտքեր են արտահայտում, որ դրանք, ցավոք սրտի, ոչ մի տեղ չեն կիրառվում:
Վահագն Խաչատրյանը խոսեց նաև Աճեմօղլու «Ինչու են պետությունները ձախողումը» գրքից, որտեղ, ըստ նրա, այն իրավիճակն է ներկայացվում, որ կա այսօրվա Հայաստանում: Մասնավորապես, գրքում գրված է, որ եկամուտների անհավասարությունն ու աղքատությունը պայմանավորված է տնտեսության և քաղաքականության շփման գծով, իսկ ձախողումը կամ հաջողությունն էլ պայմանավորված են տնտեսական և քաղաքական ինստիտուտների որակով։
Նա նաև գրում է՝ աղքատ երկրներն աղքատ են առաջին հերթին այն պատճառով, որ իշխանություն ունեցող մարդիկ այնպիսի քաղաքական կուրսով են առաջ շարժվում, որ արգելափակում է երկարատև տնտեսական աճի բոլոր հնարավորությունները:
«Այն իրավիճակը, որ կա այսօրվա Հայաստանում, Աճեմօղլուի հիմնական մտքերի իրականությունը կարծես լինի։ Կարծես նա արձանագրում էր Հայաստանի՝ մինչ նոր կառավարության ձևավորման փաստերը։ Նա նաև Հայաստանի համար ձևակերպում ունի՝ խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է։ Այսինքն՝ այս հարցը նա ձևակերպել էր մինչ այս ամենը»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետը՝ նոր կառավարության անելիքների մասին
- Քաղաքական վերջին իրադարձությունները մեծ քննություն էին բանկային համակարգի համար. Աշոտ Օսիպյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան