Երևանյան թանգարանները սպասում են այցելուներին
Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այս տարի միջոցառումներին միացել է 116 թանգարան: 2018 թ. ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Երևան քաղաքի պատմության թանգարանը այցելուներին կներկայանա «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսով:
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս միանում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը:
Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր աշխատելու է 18։00-24։00։ Թանգարանում, սակայն, ծրագրերի փոփոխություն է կատարվել. մայիսի 19-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում նախապես հայտարարված Իլյուստրացիա՝ «4 աթոռ» նախագծի ցուցադրությունը տեղի չի ունենա, նախագիծը կատարողների՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի կողմից ձախողելու պատճառով։ Թանգարանը տեղեկացնում է, որ այդ օրը այցելուների ուշադրությանը կներկայացնեն թանգարանի հիմնական ցուցադրությունը, ինչպես նաև Այվազ Ավոյանի անհատական ցուցահանդեսը։
Հայաստանի բնության պետական թանգարանը ևս միացել է միջոցառմանը։ Թանգարանի միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:
«Թանգարանների գիշերը» այստեղ կբացվի «Ժամանակի շունչը» ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի կունենա «Ուրախ ժամանց» խորագրով միջոցառում։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 24:00-ն արվեստասերներին հրավիրում է այցելել բոլոր ցուցասրահներ։ Այստեղ ներկայացվող ժամանակավոր ցուցադրություններն են՝ Արման Նուռի «Ճանճ»-ը՝ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, Արա Հարությունյանի «Մոնումենտակ երևակայում»-ը՝ «Արծիվ» սրահում, «Արվեստանոց»՝ շարժասանդուղքների սրահում։
Երվանդ Քոչարի թանգարանում ներկայացվելու է Երվանդ Քոչարի «Եսենտուկիում» /1918թ. կտավ յուղաներկ / ստեղծագործությունը՝ ինտերակտիվ, բեմականացված ձևաչափով։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ևս միջոցառումների հատուկ ծրագիր է նախատեսել։
17.30 Երիտասարդական մետրոյի հարևանությամբ` Իսահակյանի արձանի մոտ տեղի կունենա Ֆլեշ-մոբ` նվիրված թանգարանների գիշեր միջազգային ակցիային, որին մասնակցում են ԵՊՀ «Վարդանանք» ակումբի սաները։
17.30 կկայանա Սարդարապատի հերոսամարտի հաղթանակին նվիրված համերգ՝ Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի սաների մասնակցությամբ: 18.30-19.30 տեղի կունենա համերգ «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաների կատարմամբ, 19.00՝ Նկարչություն. «Street Art» ոճի նկարիչ-արվեստագետ Սյուզի Հակոբյանի և այցելուների մասնակցությամբ:
19.30-20.30 կլինի Վոկալ երաժշտության երեկո պատանի կատարողների մասնակցությամբ, իսկ 20.30-21.30՝ համերգ. նվագում են երիտասարդ երաժիշտներ Էդգար Ենգիբարյանը (կիթառ) և Գնել Հարությունյանը (ֆլեյտա):
22.00-22.30՝ վոկալ համերգ. Ելույթ կունենա Լիանա Մելքոնյանը: