ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով, մասնակից է դառնում «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը, որն անցկացվում է մայիսին աշխարհի շատ երկրներում:
Մայիսի 18-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով:
Ընկերությունից հայտնում են, որ նախաձեռնությունն իրականացվում է հաշվի առնելով այն իրողությունը, որ Երևանի փողոցներում օրեցօր ավելանում է հեծանվորդների թիվը, ինչը ոչ միայն նոր միտում է, այլև` առողջ ապրելակերպն ու հանրային առողջությունը խթանող կարևոր քայլ:
«Արդեն երկրորդ տարին շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցներին քաջալերում է միանալ հեծանվով աշխատանքի գալու նախաձեռնությանը: Իրականում, հեծանվային մշակույթի զարգացումը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի և շրջակա միջավայրի կարևոր խնդիրները մեր երկրում լուծելու համար: Օրինակ՝ մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաև մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարևոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում: Բացի այդ, ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիի առկայությունը կարևոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու և լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախքան «Հեծանվով դեպի աշխատավայր» արշավի մեկնարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը սկսնակ և արդեն փորձառու հեծանվորդներին է ներկայացրել հեծանվորդների անվտանգ երթևեկության կանոնները՝ ճանապարհային երթևեկության կանոնների շրջանակներում:
«Հեծանվորդների Ֆեդերացիայի ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում հեծանիվը Հայաստանում դարձել է նորաձև, չնայած նրան, որ դեռ շատ անելիքներ կան ոլորտում: Այն սկսել է լայն կիրառություն ունենալ ինչպես սիրողական ու զբոսաշրջային նկատառումներով, այնպես էլ՝ որպես տրանսպորտային միջոց: Մայրաքաղաքի բեռնաթափման նպատակով Ֆեդերացիան մշտապես առաջարկել է հեծանվային իրատեսական մոդելը, ինչը հնարավորություն կտա փոքր կենտրոնում և առանձին վարչական շրջաններում հեծանվային երթևեկության ճիշտ կազմակերպման շնորհիվ նախ թեթևացնել ճանապարհների գերծանրաբեռնվածությունը, ապա դրանով իսկ խրախուսել առողջ ապրելակերպի մասսայականացումը՝ հույս ունենալով, որ Ֆեդերացիայի իրատեսական առաջարկները կդառնան քննարկման առարկա»,- ասել է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը:
Հեծանվավարությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաև համայնքների համար: Հեծանվով երթևեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ տարբերակներից է՝ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաև գումար տնտեսելու և ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է և նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:
Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղևորվել են դեպի Անգլիական այգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ սովորել են տիրապետել հեծանիվ վարելու՝ կարևոր և առողջարար հմտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան