Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ 10 տարով նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո
Եվրոպայի խորհրրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի Վալենսիայից ընտրված սենատոր Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ նրա նկատմամբ ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովի կողմից օրեր առաջ սահմանված պատժամիջոցների արդյունքում։ Ադրբեջանական կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ Ագրամունտը 10 տարով զրկվել էր ԵԽԽՎ անդամի հիմնական իրավունքներից՝ ԵԽԽՎ-ն ներկայացնելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, ընտրական գործընթացներին մասնակցելու, ԵԽ նախարարների կոմիտեին հարցեր ուղղելու իրավունքից։
Ինչպես գրում է իսպանական El Mundo-ն, Ագրամունտը ԵԽԽՎ-ից հեռանալու տեղեկությունը հաստատել է: Նշվում է, որ Ագրամունտին անմիջապես չեն հեռացրել ԵԽԽՎ-ից, քանի որ բավարար ապացույցներ չեն եղել, որ նա նվերներ ու կանխիկ գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից։ Ագրամունտը, սակայն, չխուսափեց լրատվամիջոցների ուշադրությունից, ինչը զգալի վնաս է հասցրել նաև իր՝ Ժողովրդական կուսակցությանը (Partido Popular), որտեղ պետք է այս շաբաթ որոշվեր Ագրամունտի ապագան։ Կուսակիցներն արդեն որոշակի հեռավորություն են պահում Ագրամունտից։
Խավիարային դիվանագիտության մեջ ներգրավված լինելուց բացի Ագրամունտի շուրջ կրքերը թեժացան, երբ նա ԵԽԽՎ նախագահ եղած ժամանակ ռուսական պատվիրակության հետ միասին այցելեց Սիրիա ու նկարվեց Արևմուտքի կողմից անընդունելի Բաշար ալ Ասադի հետ։ Այս այցից հետո ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին, որից հետո վերջինս ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Ագրամունը հրաժարվում է իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքներից ու այս ամենում մեղադրում Ջորջ Սորոսին։
Հիշեցնենք, որ Ագրամունտի ու ԵԽԽՎ ևս 3 պատգամավորների նկատմամբ, որոնց թվում են Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, պատգամավորներ Խորդի Շուքլան, Սեզար Ֆլորին Պրեդան, պատժամիջոցներ սահմանվեցին ապրիլի 22-ին ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցի հրապարակումից հետո , որում ներկայացվում էր, թե ինչպես է Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում իրականացրել լոբբիստական աշխատանքներ, կանխիկ գումարով կաշառել պատգամավորներին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: Ագրամունտից բացի, վերոնշյալ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2 տարով։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ պատժամիջոցներ՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի և ևս 3-ի նկատմամբ
- Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին