Նոր մտածելակերպով երիտասարդների և փորձառու մարդկանց սինթեզի արդյունքում երկրում դրական փոփոխություններ լինեն. տնտեսագետ
ՀՀ կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի տնտեսության առանցքային ցուցանիշներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության անդամները վճռական են տրամադրված և, կարծում է, որ դա կբերեն երկրում դրական փոփոխությունների:
Աշոտ Թավադյանը նշեց նաև, որ տնտեսագետների առաքելությունն էլ պետք է լինի պետության տնտեսական շահերը պաշտպանելը:
Հարցին՝ եթե իրեն առաջարկեն աշխատել, ապա կընդունի՞ այն, տնտեսագետն ասաց, որ ինքը ոչ թե պատրաստ է, այլ պարտավոր է աջակցել կառավարությանը: «Հիմա պատասխանատու պահ է, ոչ մի այլ ակնկալիք չպետք է լինի: Իսկ եթե ինձ առաջարկեն, ապա ես կերաշխավորեմ երիտասարդներին, քանի որ պետությունում պետք է լինի նոր մտածելակերպով երիտասարդ կադրերի և փորձառու մարդկանց սինթեզ, որպեսզի երկրում դրական փոփոխություններ լինեն»,- նշեց նա:
Անդրադառնալով նոր կառավարության անդամներին, մասնավորապես, տնտեսական բլոկի նախարարներին, Աշոտ Թավադյանն ասաց, որ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պրոֆեսիոնալ է, Արծվիկ Մինասյանը, թեև կուսակցական է, սակայն լավ մասնագետ է, հայրենասեր է, ՊԵԿ ղեկավարը նույնպես դրական տպավորություն է թողնել, ուստի կարծում է, որ երկրում իսկապես դրական փոփոխությունների կլինեն:
Ինչ վերաբերում է Ազգային ժողով Նիկոլ Փաշինյանի Կառավարության ներկայացվելիք ծրագրին, Աշոտ Թավադյանը կարծում է, որ լավ ծրագիր կներկայացվի. «Դեռևս չեմ տեսել, որ Ազգային ժողով վատ ծրագրեր ներկայացնեն: Այստեղ ոչ թե ծրագրերն են կարևոր, այլ՝ առանցքային խնդիրների կոնկրետ իրականացման պլանը»:
Տնտեսագետն անդրադարձավ նաև վերջին շրջանում որոշ ապրանքների գնանկումին՝ նշելով, որ Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական քաղաքականության ճշգրտում, այդ իսկ պատճառով արդեն իսկ նկատվում է մի շարք ապրանքների գնանկում.
«Տեսնում ենք, որ բոլորը վճռական են տրամադրված և նաև դրանով է պայմանավորված գնանկումը: Եթե որոշ չափով հավասար վերաբերմունք է առաջացել բոլոր տնտեսվարողների նկատմամբ, բնականաբար, դա դրական ազդեցություն կունենա գների վրա: Իհարկե սա առաջին քայլն է, միայն դրանով հնարավոր չէ փոփոխություների հասնել: Ինչպես հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլին է ասում՝ եթե ինստիտուտները չեն ծառայում ժողովրդին, այլ ծառայում են էլիտային, արդյունքը միշտ ցածր է լինում: Իսկ արդյունքի հասենլու համար կարծում եմ, որ պետք է հստակ խնդիրներ լուծել՝ օրենսդրական, վարչական, կադրային, ինչպես նաև պետք է ապահովել պատասխանատվություն և հրապարակայնություն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում