Թուրքիան փորձում է տնտեսական կառույցը տանել քաղաքականացման ճանապարհով. Գորգիսյան
«Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովը տարբերվում է այլ խորհրդարանական վեհաժողովներից և խորհրդարանական կազմակերպություններից՝ հատկապես այն կարևոր հանգամանքով, որ կենտրոնը գտնվում է Ստամբուլում, ամենամեծ ֆինանսական ներդրումները կառույցում կատարում է Թուրքիան, գլխավոր քարտուղարն էլ ադրբեջանցի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է գլխավոր քարտուղարի նոր ընտրություններ և դրա հետ կապված, պատգամավորի խոսքով, ամենատրամաբանականն այն կլինի, որ ընտրությունները տեղի ունենան ոչ թե Երևանում կամ Բաքվում, այլ Սոֆիայում. «Անդամ բոլոր պետություններից շատերը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ են բարձրացնում»:
Պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ Թուրքիան փորձում էր վեհաժողովի 25-ամյակին նվիրված փաստաթղթում մտցնել ամբողջովին քաղաքական կառույցի և տարածաշրջանի հետ կապված մի մոտեցում, որը խիստ միակողմանի գնահատականներ էր տալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
«Բարեբախտաբար, կարողացանք կանխել այդ ամենը, չնայած թուրքական կողմը փորձում է այս ուղղությամբ ինչ-որ քայլեր անել՝ նոր հայտարարության տեքստ նախաձեռնելով: Մենք կրկին փորձելու ենք դա տապալել, քանի որ սա կոնկրետ տնտեսական կառույցը քաղաքականացման ճանապարհով տանելու փորձերից մեկն է»,- հավելեց Գորգիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում