«Զոնտիկներ» հասնելն ավելի հեշտ ու անվտանգ կդառնա
Շուտով Արցախի Հունոտի կիրճի՝ Շուշի-Քարին տակ արահետն ավելի բարեկարգ ու ավելի հասանելի վիճակում կլինի։ Հայ լեռնագնացների միությունն ու նրա աջակիցները ձեռնամուխ են եղել դեպի կիրճ տանող արահետներից մեկի վրա էկոաստիճանների ստեղծմանը: Այսպիսով «Զոնտիկներ» անունով հայտնի մամռոտ քար ջրվեժ հասնելը տեղացիների ու զբոսաշրջիկների համար առավել հեշտ, արագ ու անվտանգ կլինի:
Մինչ այս Հունոտի կիրճի հիմնական մուտքն Ասկերանի շրջանում գտնվող Մխիթարաշեն համայնքից է: Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով, ընթացող աշխատանքների շնորհիվ ջրվեժ կարելի է հասնել նաև Շուշիի կողմից: Կարելի է ուղին սկսել Շուշիից՝ ճանապարհը շարունակելով դեպի հարավ՝ Հադրութ կամ հակառակ ուղղությամբ:
«Նախկինում էլ կար արահետը, սակայն այն հիմա ավելի բարեկարգ է դառնալու: Ցուցանականեր են տեղադրվելու, համապատասխան տեղեկություններ, ունենալու ենք երկու նոր կախովի կամուրջ, որն ավելի անվտանգ ու հետաքրքրիր կդարձնի քայլարշավը դեպի «Զոնտիկներ»: Մի փոքր փոխելու ենք արահետի ուղղությունըմ այն կտանի ոչ միայն ջրվեժի ներքևը, այլ մի փոքր շրջանացելու է՝ հնարավորություն տալով վերջում լինել»,-ասաց նա:
Այսօր նախարարությունը չունի տվյալներ, թե տարեկան քանի մարդ է այցելում կիրճի տարածք: Ասում են՝ հաշվելու մեխանիզմներ անպայման կմշակվեն: Դրանց զուգահեռ Հունոտի կիրճ արգելոցի տարածքում այլ ծրագրերի հնարավորություններն են դիտարկվում, օրինակ հիմա արդեն հուշանվերների, սուրճի ու թեյի վաճառքի կետ կա:
Այս պահին Արցախում զբոսաշրջային տարբեր ուղղություններ կապող այլ արահետների բարեկարգում էլ է իրականացվում, դրանցից մեկն էլ Մարտունու շրջանում գտնվող Կարմիր Շուկան Սարգիսաշեն համայնքին կապող արահետի բարեկարգման նախագիծն է: Նախարարությունում հույս ունեն՝ մինչև ամառվա կեսը դրա մի մասը բարեկարգեն:
Ա. Գրիգորյանի խոսքով, այս տարվա առաջին երեք ամիսներին Արցախում զբոսաշրջիկների 115 տոկոս աճ է գրանցվել:
«Երկրորդ եռամսյակում ավելի մեծ աճ ենք նախատեսում, քանի որ մայիս-հունիսը շատ ակտիվ է լինելու: Հունիսի 16-ին Ստեփանակերտի օդանավակայանում կանցկացվի Air fest-ը, տարբեր համերգներ ու միջոցառումներ կլինեն»,-ասաց նա:
Հունոտի կիրճում իրականացվող աշխատանքների լուսանկարները՝ Հայ լեռնագնացների միության անդամների ֆեյսբուքյան էջերից:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի է կառուցվում
- Օտարազգի զբոսաշրջիկներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Արցախն այլ կողմերից
- Արցախ այցելող զբոսաշրջիկներին կառաջարկվի նաև արկածային տուրիզմ
- Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Իտալացի մասնագետը՝ Դադիվանքի որմնանկարների մասին. Այստեղ ուրիշ բան կա, որի մասին չգիտեի
- Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը