Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի նոր կառավարությունը նախապես հայտարարված ուղուց չի շեղվել։ Մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են իրենց համար, բայց դա չի նշանակում՝ դրանք միակ խնդիրն են, որ պետք է լուծեն։ Նրա խոսքով՝ կառավարությունը բնականոն պետք է գործի, այն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է, ի վերջո արտահերթ ընտրություններում այս կառավարությունը ևս հանդես է գալու, թե ինչ ձևաչափով՝ դա արդեն այլ խնդիր է։
Նա անդրադարձավ ԱԱԾ տնօրենի սկանդալային բացահայտումների մասին հայտարարությանը, նշեց, որ երբ լինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը դրանց մասին կիրազեկվի։
«Հուսով եմ՝ դուք հիմա չեք ակնկալում, որ ես ինչ-որ օպերատիվ տեղեկություններ պետք է բացահայտեմ»,- ասաց նա։ Հարցին՝ եթե պարզ դառնա, որ այդպիսի բացահայտումները չեն շրջանցել նաև իր շրջապատը, արդյոք նրանք ևս կպատժվեն, Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվելու»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանով էին իրականությանը համապատասխանում Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին տեղեկությունները։ Վարչապետը նշեց, որ այդպիսի որոշակի երևույթներ եղել են, բայց չեն հասել մտահոգիչ չափերի։
Փաշինյանը տեղեկացրեց, որ մեր երկրի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի, ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան որոշակի օրենսդրական խնդիրներ, և իրենք դրանք կդիտեն օրենքի համատեքստում։ Գործադիրի ղեկավարը նաև մեկնաբանեց ԱՎԾ պետին վերանշանակելու իր որոշումը՝ հաշվի առնելով դրան հետևած քննադատությունները։
«Այո, նրան մեղադրում էին թվեր նկարելու մեջ, մենք, այսպես ասած, ոչ թե մեր մարդկանց նշանակեցինք ԱՎԾ ղեկավար կազմում, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել Կառավարության և վիճծառայության միջև, որպեսզի որևէ մեկը որևէ մեկի համար թիվ նկարելու պարտավորությամբ կաշկանդված չլինի»,- նշեց նա։
Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ ինքը չի ակնկալում, որ որևէ կադրային նշանակման հետ կապված որևէ քննադատություն չի կարող լինել և պիտի չլինի, սակայն նշեց՝ առաջարկում և խնդրում է արձանագրել մեկնարկային այն կետը, որից նրանք սկսել են աշխատել այդ կարգավիճակում, և փորձել հետևել պարտավորությունների կատարմանը և գործունեությանը։ «Ես առաջարկում եմ և առաջարկել եմ, որ հանրությունը, այդ թվում՝ ԶԼՄ-ները, լիարժեք վերահսկողություն իրականացնեն, որևէ հիմնավորված երևույթի կհետևեն կոնկրետ գործողություններ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան