Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. վարչապետը՝ քաղաքապետի հրաժարականի մասին
Եթե կա պետությանը հասցված վնաս, ապա այն պետք է փոխհատուցվի։ Մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չեն պատրաստվում Հայաստանում գիլյոտիններ շարել։ Նաև հայտնեց, որ քրեական օրենսգիրքը մի շարք ամենատարբեր լուծումների հնարավորություն է տալիս։
Հարցին՝ ԱԱԾ պետը, ով մտահոգություն էր հայտնել ուղիղ հեռարձակումների առնչությամբ, արդյո՞ք վարչապետի մոտ ևս խոսել է այդ մասին՝ նրա ուղիղ եթերների հետ կապված, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ԱԱԾ տնօրենը վարչապետի գործողությունների հետ կապված որևէ մտահոգություն կարող է ունենալ»։
Կառավարության ղեկավարը խոսեց տեսախցիկների ու արագաչափերի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր հայտարարության մասին։
«Ես առաջարկել եմ դիտարկել հնարավորությունը, այն կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ, եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորում, կանենք եզրակացություն»,- ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ այս հարցին կանդրադառնան այդ վիճակագրության արդյունքներից հետո։ Նա նաև նշեց, որ տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքների համաներում անպայման պետք է լինի։
Տնտեսության վիճակին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ ըստ պետական մարմինների վերլուծությունների՝ տնտեսությունն ունի դրական միտումներ և դրական սպասումներ, և դրանք պետք է կոնկրետ իրականություն դառնան։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս օրերին տասնյակ և հարյուրավոր ինքնակենսագրականներ է ստանում, այդ թվում՝ սփյուռքից, ողջունելով նրանց՝ Փաշինյանը կոչ արեց բոլորին՝ զինվել համբերությամբ, որովհետև այդպիսի տեղեկատվություն մշակելը ժամանակ է պահանջում։
«Հայաստանում տնտեսական զարգացման կարևոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը, քաղաքական առումով մենք այսօր դա ունենք, մնում է՝ գոյությունն ամրապնդվի և վստահություն դառնա մարդկանց մոտ»,- ասաց նա։
Փաշինյանը կրկին ընդգծեց՝ որևէ հարցում չեն պատրաստվում չմտածված քայլեր անել, նաև՝ քաղբանտարկյալների հարցում։ Լրագրողների ճշտող հարցին՝ արդյո՞ք Երևանի քաղաքային իշխանության ղեկավարի հրաժարականի պահանջը ընդհանուր փոփոխությունների մաս պետք է չկազմեր, նա պատասխանեց. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան