Ցավալի երևույթ է՝ դեպքերը կատարվում են, հետո են իրավասուները գնում դրանց հետևից. Հայթյան
Հայաստանում ցավալի մի երևույթ կա. դեպքերը կատարվում են, միայն հետո՝ այդ դեպքերի հետևից են գնում իրավասու կազմակերպությունները: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Նա ասաց, որ Հայաստանում սննդամթերքի արտադրման, իրացման նորմատիվ և իրավական դաշտն առկա է և բավական լավն է, այլ հարց է՝ որքանով են դա հաշվի առնում:
Նա անդրադարձավ մայիսի 17-ին Արմավիրի մարզում գրանցված զանգվածային թունավորմանը, նշեց, որ դա թունավորման առաջին դեպքը չէ, ուստի համապատասխան կազմակերպությունները պետք է աչք չփակեն այս դեպքի վրա: Բանախոսը նշեց, որ այս դեպքի հետ կապված տեղեկություններ իրենք չեն կարողացել ստանալ, իրենց ասել են, որ քննության փուլում է, սակայն նշեց մի շարք կանոններ, որոնք պետք է պահպանվեն սննդի արտադրության ժամանակ:
«Եթե մարդն արտադրություն է դնում, պետք է ունենա համապատասխան շենքային տարածք, ոչ թե պատրաստի տան խոհանոցում, տնայնագործ կարգով: Ես տեսնում եմ սուպերմարկետներում գեղեցիկ տորթեր, ասում եմ՝ սերտիֆիկատն ու՞ր է, ասում են՝ վերևում մի լավ կին է ապրում, փող չունի, բերում է: Ես ասում եմ, որ դրա համար պատասխանատվություն է հասնում, քանի որ դա անհայտ ծագում ունեցող սնունդ է»,- ասաց նա:
Արտադրություն ունեցողն, ըստ Հայթյանի, պետք է ունենա նախ՝ շենքային նորմալ պայմաններ, որոնք կարգավորված են շինարարական չափորոշիչներով ու կանոններով, անձնակազմը վեց ամիսը մեկ պետք է ստուգվի, անհրաժեշտ է կատարել այլ քաղաքացիների ելք-մուտքի սահմանափակում, անգամ եթե նրանք ընտանիքի անդամներն են:
«Ամենակարևորը սանիտարական և շենքային պայմաններն են, ես տեղում չեմ եղել, մեզ թույլ չեն տվել մտնել այնտեղ: Շատ կարևոր է աշխատողների անձնական հիգիենան, հումքի ձեռքբերումը՝ որտեղից է այն՝ պահեստից, խանութից, թե ստվերային ինչ-որ կետից, բացի այդ, կրկին ընդգծեմ՝ արտադրամասը պետք է առանձին լինի»,- ասաց նա:
Հայթյանը նշեց, որ բոլոր խանութներում, իրացման բոլոր կետերում այն, ինչ իրացվում է, պետք է ունենա համապատասխանության սերտիֆիկատ, և այն պետք է տեսանելի լինի, ոչ թե ասեն՝ վարիչի մոտ է: Չի կարելի այս հարցին մատների արանքով նայել:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրում մասսայական թունավորման փաստով
- Արմավիրում զանգվածային թունավորում է՝ 90 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում