ՌԴ-ից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքները» հրաշալի այլընտրանք կլինեն. վրացագետ
Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքներ» բացելու Թբիլիսիի պատրաստակամությունն առայժմ ակտիվ քննարկվող թեմա է մնում։ Սակայն նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում այն խիստ շահեկան կլինի Հայաստանի համար։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը։
«Նախորդ տարեվերջին այս մասին ակնարկում էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Նա նշել էր, որ այս հնարավորությունից կարող է օգտվել նաև Հայաստանը։ Սակայն մինչև համաձայնագիրը չկնքվի, և Ռուսաստան-Վրաստան գործընթացը չսկսվի, հնարավոր չի լինի կանխատեսել՝ ինչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար»,- նշեց վրացագետը՝ միաժամանակ հավելելով, որ պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունները ողջունելի ու հուսադրող են։
Ալիկ Էրոյանցը նկատեց, որ իր այս տեսակետը կապված է ոչ այնքան թերահավատության, որքան վերջին տարիների զարգացումների հետ։ Այն է, բազմիցս հայտարարվել է, որ նախագիծը հանգուցալուծվում է, սակայն ռուսական կողմը որոշակիորեն դանդաղեցրել է գործընթացը։
Ալիկ Էրոյանցի համոզմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքները» հրաշալի այլընտրանք կլինեն Լարսի անցակտին, որը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ փաստացի ցամաքային երթուղին է։ «Լարսը Հայաստանի համար խնդրահարույց ուղղություն է, և այլընտրանքը միայն օգուտներ կբերի։ Խոսքը նաև գնային քաղաքականության մասին է»,- ընդգծեց վրացագետը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նախագիծը, կյանքի կոչվելու դեպքում, հավասարապես շահեկան կլինի և Հայաստանի, և Ռուսաստանի համար։
Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։
Մայիսի 24-ին այս հարցն Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշել է վրաց դիվանագետը, կողմերը հատուկ աշխատանքային խմբերի ձևավորման մասին պայմանավորվածություն ձեռք կբերեն, որոնք զբաղվելու են «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործմամբ:
Այդ պայմանագրի համաձայն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքներով» ապրանքների տեղափոխման մոնիտորինգով զբաղվելու է շվեյցարական SGS ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան