Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը
Իշխանաձորի հարակից դաշտերում սկսվել է գարու բերքահավաքը: Տարին ընդհանուր առմամբ բարենպաստ է շրջանում ցանված հացահատիկային մշակաբույսերի համար, այս տարվա տաք եղանակային պայմանները նպաստել են, որ նախորդ տարիների համեմատ բերքահավաքը մոտ երկու շաբաթ շուտ սկսվի:
Քաշաթաղ այցելած պետնախարար Արայիկ Հարությունյանին ներկայացրել են բերքի նախնական բարձր արդյունքները:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղոդմամբ, պետական նախարարն Իշխանաձոր համայնքում նաև ծանոթացել է շահագործման փուլում գտնվող «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող 50 առանձնատների շինարարական աշխատանքներին:
Ա. Հարությունյանը հանձնարարել է առանձնատները շահագործման հանձնելուն պես զբաղվել վերաբնակեցման հայտ ներկայացրած ընտանիքների տեղափոխմամբ և նրանց զբաղվածության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև տարածք նախապատրաստել նոր առանձնատների կառուցման համար։
Այնուհետև պետնախարարն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից Իշխանաձորում իրականացվող մեկ այլ՝ իր տեսակի մեջ աննախադեպ տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Տեղի բնակչության համար մոտ 70 աշխատատեղ ապահոված տնտեսության վերջնարդյունքը, բացի կատարած աշխատանքի դիմաց տրվելիք աշխատավարձից, կոոպերատիվ տնտեսության սկզբունքով կրկին վերաբաշխվելու է աշխատակիցների և համայնքի բնակիչների միջև:
Միջնավան, ապա նաև Կովսական քաղաքներում պետնախարարն այցելել է վերաբնակեցման նպատակով կառուցվող մի շարք շենք-շինություններ, ծանոթացել կատարվող աշխատանքներին և հանձնարարել է դրանց նոր թափ հաղորդել:
«Վերաբնակեցման քաղաքականությունը գտնվում է իշխանությունների ուշադրության և հոգածության կենտրոնում, և այս առումով մեծ անելիքներ կան: Շարունակե՛ք աշխատանքները նոր թափով, քանի որ առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները մեր հայրենադարձ քաղաքացիներին արդեն ոչ թե նվազագույն, այլ բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար: Այս ուղղությամբ մենք միջոցներ չենք խնայելու»,- ասել է Ա. Հարությունյանը: