Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.
«Հարգելի պարոն Ազնավուր,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:
Կատարողական բացառիկ արվեստի և հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը:
Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետեւում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին եւ հպարտանում Ձեզնով:
Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:
Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան