Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փոփոխություն չի կրել. այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջարկությունների հիման վրա, ապրիլից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հստակ պահպանմամբ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանուր կոնսենսուս կա հանրության մեջ, և վարչապետը հայտարարել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է: Բալայանն ընդգծեց՝ Փաշինյանի հայտարարությունը նոր բան չէ, դա ասվել է և շարունակվում է ասվել: ԱԳՆ խոսնակը հավելեց՝ իրողություններ են փոխվել, վարչապետը խոսել է այն ձևաչափով, որը ենթադրում է Արցախի առավել ներգրավում բանակցային գործընթացում:
Բալայանը տեղեկացրեց՝ համանախագահները հայտարարել են, որ նախատեսում են հունիսին այցելել Հայաստան, շփվել նոր ղեկավարության հետ, այցի ժամկետները համաձայնեցվում են, դեռ հստակ օր չկա, ամենայն հավանականությամբ՝ այն հունիսին կլինի: ԱԳՆ խոսնակը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա:
Հարցին՝ արդյոք արձագանք եղել է համանախագահ երկրների կամ որևէ այլ գործընկեր երկրից արձագանք հնչել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարության վերաբերյալ, Բալայանը նշեց՝ արձագանքները եթե եղել են, հրապարակային են եղել:
«Միայն Ադրբեջանի կողմից է արձագանք եղել, եթե չեմ սխալվում: Ինչ վերաբերում է Արցախի մասնակցության վերաբերյալ մեխանիզմներին, Արցախն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններին, խնդիրն այլ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է Արցախի հետ ուղիղ բանակցումը»,- ասաց նա:
Բալայանի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 94 թ. զինադադարի հաստատումը, եղել է ԼՂ և Ադրբեջանի ուղիղ շփման շնորհիվ, եղել է ուղիղ նամակագրություն, փաստաթղթերը ներկայացված են:
Խնդիրն, ըստ ԱԳՆ խոսնակի, հետևյալն է. «Ադրբեջանի իշխանությունը, որ 2003 թ.-ից բանակցում է Ադրբեջանի անունից, պետք է հստակ գիտակցի՝ կարգավորման հասնելու ճանապարհը ԼՂ հետ նստել ուղիղ բանակցելն է»:
«Մենք՝ որպես Հայաստան, Արցախի երաշխավոր, չենք հրաժարվում բանակցություններից, մենք շարունակելու ենք բանակցությունները, այլ է, որ Արցախի բանակցումը պարտադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա