Իսրայելում բարձրացվեց նաև Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան
«Հայաստանից արտահանումը Իսրայել 2017-ին կազմել է 3,7 մլն դոլար, 2016-ին եղել է 4 մլն դոլար, իսկ 2015-ին՝ 4.5, այսինքն ունենք նվազման միտում»,- խորհրդարանում ՀՀ կառավարության և Իսրայելի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան վավերացնելու մասին հարցը քննարկելիս հայտնեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Իսրայելից Հայաստան ներմուծմանը՝ փոխնախարարը նշեց, որ 2015-ին եղել է 7,8 մլն դոլար, 2016-ին՝ 5,2 մլն, իսկ 2017-ին՝ 7,4 մլն:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցողին հարցրեց, թե ռազմաարդյունաբերության ոլորտում ունե՞նք համագործակցություն։
«Եթե մենք ունենանք այնպիսի ռազմաարդյունաբերական պոտենցիալ, որը հնարավորություն տա հետաքրքրություն ստեղծել Իսրայելի համար, բնականաբար կնպաստի այդ առումով, բայց ցավոք, ես չունեմ այն տեղեկատվությունը, թե որ ներուժն է Հայաստանում այնքան ուժեղ ու մրցունակ, որ կարող ենք Իսրայելի հետ համագործակցել»:
Պատգամավորն արձագանքեց. «Մենք այս օրենքը էնտուզիազմով բերում ենք, բայց ի՞նչն է խնդիրը, որ չենք կարողանում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնել՝ հաշվի առնելով, որ Կնեսեթի հետ ունենք լավ հարաբերություններ»:
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ այստեղ կարևորն ավելի մրցունակ տնտեսություն ձևավորելն է։
Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր ելույթում անդրադարձավ Իսրայել կատարած իրենց վերջին այցին. «Բավական հետաքրքիր առաջարկություններ էին հնչում իսրայելական ընկերությունների կողմից հատկապես ազատ առևտրի գոտիներում, որոնք ԵՏՄ անդամ Հայաստանը փորձում է իրականացնել ոչ միայն Իրանի հետ սահմանին, այլև Շիրակում: Նրանք լուրջ ծրագրեր և ներդրումներ են փորձում իրականացնել վերջին մեկ տարվա ընթացքում»:
Անդրադառնալով ռազմական համագործակցության և ռազմաարդյունաբերական տեխնիկական միջոցների ներդրման, արտադրություն կազմակերպելու, գնումների հետ կապված հարցերին, Մելիքյանն ասաց. «Որևէ խոչընդոտ Իսրայելի կողմից չէր ներկայացվում: Այնտեղ բարձրացվեց նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, պատասխանը միանշանակ էր և բոլորիս հայտնի՝ իրականացվում է բիզնես գործընթաց, ցանկության դեպքում ցանկացած երկիր կարող է Իսրայելի հետ իրականացնել նույնատիպ գործընթաց»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Հանցագործ պետությանը զենք վաճառելը լավ բան չի, մեղմ ասած, անկախ նրանից՝ Իսրայելն է, թե այլ պետություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին