Պոլսահայ կանայք ընտրություններում աջակցելու են քրդամետ կուսակցությանը
Ստամբուլում բնակվող բազմաթիվ հայ կանայք աջակցություն են հայտնել քրդամետ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) և այդ կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվում է, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ ԺԴԿ-ին ու Դեմիրթաշին արդեն աջակցություն են հայտնել ալևիները, չերքեզները, ինչպես նաև համշենահայերը:
Հայկական դպրոցներից մեկի ուսուցչուհի Սուլթան Մըհչըն թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Ցանկանում ենք մեր դպրոցներում և մեր կրթական համակարգերով ուսուցանել երեխաներին: Հավասար քաղաքացիություն ենք ուզում: Ըստ իս՝ այդպես կարող է լինել միայն ԺԴԿ-ական մտածողության պարագայում»:
Ստամբուլաբնակ Սոնա Սադեթյանն էլ նշել է, որ ԺԴԿ-ն աշխատում է հանուն մարդու ազատությունների ու երկրի խաղաղության:«Այդ պատճառով աջակցում եմ ԺԴԿ-ին ու նրա թեկնածուին: Մենք՝ հայերս, շատ ենք տառապել այս երկրում: Հավատում եմ, որ ԺԴԿ-ն մեջլիսում կդառնա մեր ձայնը»:
Գյուլիզար Լաչին անունով մեկ այլ պոլսահայ էլ քրդամետ կուսակցությանը հայտնած իր աջակցությունը բացատրել է ԺԴԿ-ի՝ պատերազմներին դեմ լինելու հանգամանքով:
«ԺԴԿ-ում կարողանում եմ գտնել ինձ ու այլ տարբեր մշակույթներ: Այդ պատճառով սիրտս ԺԴԿ-ի կողմից է»,- նկատել է տվել Լաչինը:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսահայ պատգամավորը դուրս է մնացել ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակից
- Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
- Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին