Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Փաշինյանը՝ Ազնավուրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
Մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ:
Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը:
Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ եմ մաղթում: Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին
- «Երբեք չեմ սիրել պարտվել». Շառլ Ազնավուրն 94 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան