Համանախագահները շատ լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն. Շավարշ Քոչարյան
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ի բանակցային մասնակցության մասին խոսել են նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես որ դա ակնհայտ է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ:
Վերջինիս հիշեցմամբ, եթե Կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա Արցախը այդ փաստաթղթին ևս պետք է հավանություն տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա:
«Ես զարմանում եմ այս աժեոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց իր մասնակցության առաջընթացն անհնարին է»,-նշեց փոխարտգործնախարարը:
Փոխնախարարը հատկանշական համարեց, որ, եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է Ադրբեջանի դիմադրությամբ:
«Մյուս կողմից համանախագահները շատ լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցություն-չմասնակցությունը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրոք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ հնարավոր չէ, եթե չկա վստահություն:
Հարցին՝ ի՞նչ է սպասում առաջիկայում բանակցային գործընթացում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Շարունակություն, նույն ձևի շարունակություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին