«Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան». Նախագահի շնորհավորական ուղերձը՝ Շառլ Ազնավուրին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասված է.
«Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս և երեխաներս:
Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձևավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան և ամեն ինչ, որ ֆրանսիական է:
Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում:
Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության և լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս և հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներևակայելի մեծ առաքելություն է, և ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգևել մարդկությանը:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ: Թող ստեղծագործական եռանդն ու ոգևորությունն այսուհետ ևս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Փաշինյանը՝ Ազնավուրին
- Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին
- «Երբեք չեմ սիրել պարտվել». Շառլ Ազնավուրն 94 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին