Կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն չի եղել. Սմբատ Սաիյան
«Գործող օրենսդրությամբ աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե անձը տարածքային կենտրոն է ներկայացնում աշխատելու մասին տեղեկանքը և դիմումը, այսինքն վերահաշվարկի համար պարտադիր պայման է լրացուցիչ փաստաթղթի ներկայացումը: Այժմ կենսաթոշակը վերահաշվարկելիս առաջարկվում է վերացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը: Միայն դիմումը բավարար կլինի, որպեսզի աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվի»,- այսօր ՍԺ-ում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակառուի աշխատելու մասին տեղեկանքը նախատեսվում է ստանալ հարկային մարմնից:
Սաիյանը հիշեցրեց, որ 2013-ի հունվարի 1-ից մեզ մոտ իրականացվում է բոլոր վարձու աշխատողների, նրանց վճարած եկամուտների անձնավորված հաշվառում ամսական կտրվածքով: Քաղաքացու դիմումի հիման վրա պետական մարմինը մեկ այլ պետական մարմնից ստացած տեղեկատվության հիման վրա կվերահաշվարկի այդ կենսաթոշակը:
«Սրա նպատակն այն է, որ քաղաքացին ձերբազատվի փաստաթուղթ վերցնելու ծանրաբեռնվածությունից։ Տարեկան մոտ 60 հազար մարդ դիմում է իր կենսաթոշակը վերահաշվարկելու համար, այսինքն այս 60 հազարի խնդիրը կլուծվի»,- հավելեց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե վերջին երեք-չորս տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ։
«Հեռու եմ այն մտքից, որ որևէ պահի, որևէ ժամանակի եղել է կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն, թեկուզ 2-3 հազար դրամով և չի բարձրացվել։ Այսինքն, կարծում եմ, նման հնարավորություն չի եղել»,- պատասխանեց Սաիյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա