Սևծովյան առևտրի և զարգացման բանկը շարունակում է համագործակցել Ամերիաբանկի հետ
Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով: Պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում:
Ամերիաբանկից հայտնում են, որ ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ և առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցները Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում և ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ և իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը և հատկապես ՓՄՁ ոլորտը», - ասել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա): Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղքում: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման (վարկեր, վարկային գծեր, բաժնեմասնակցության ձեռքբերում, երաշխավորության տրամադրում, առևտրի ֆինանսավորում) միջոցով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ “A-” և «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ “A2”, վարկանիշը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան