Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ
Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։
Ինչպես տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։ Մաեստրո Պենդերեցկին, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է. «Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է գրավելու։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Յոթ օրերի ընթացքում ժյուրին ինը երկրներ ներկայացնող 16 թավջութակահարներից կորոշի լավագույնին։ Մրցույթի ժյուրին նախագահում է մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։
1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:
Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին