Գործարար. Բանանի մաքսավճարի իջեցում չի եղել
Առաջիկա ամիսներին բանանի ցածր գինը հայաստանյան շուկայում կպահպանվի՝ ամռանը կտատանվի 450-700 դրամի սահմաններում, աշնանն ու ձմռանը նորից կսկսի թանկանալ:
Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստան բանանի ներկրմամբ զբաղվող «Տրոպիկա» ընկերության ղեկավար Վահրամ Միրաքյանը:
Բանանի գնի նվազման պատճառը, ինչպես բացատրեց գործարարը, ոչ թե հայաստանյան իրադարձություններն են, մաքսազերծման գների փոփոխությունը, այլ Էկվադորում մրգի գնի իջեցումը: Սա կանխատեսելի էր, անցած ամռանն էլ բանանի գինը նվազել էր՝ ընդհուպ մինչև 450 դրամ: Վ. Միրաքյանն այն կարծիքին է, որ մաքսայինի լավ աշխատանքի դեպքում, հնարավոր է գների աճ կլինի:
«Մաքսավճարի իջեցում չի եղել, սուտ է: Ներկա պահին մեկ կիլոգրամ բանանի մաքսազերծումը 82,5 դրամ է, ադպես եղել է նաև նախկինում, շատ աննշան՝ օրինակ 1 դրամ տատանումներով»,-հայտնեց գործարարը:
Հիշեցնենք, որ խանութներում բանանի գինը տատանվում է 550-700 դրամի սահմաններում: Տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել էր, որ մինչ իշխանափոխությունը 1 կգ բանանի ներկրման դիմաց գանձվում էր 400 դրամ մաքսատուրք, հիմա՝ 24 դրամ:
Բանանի շուկայում ներգրաված գործարարը բացատրում է, որ Հայաստանում այդ մրգի գնի կտրուկ անկումը պայմանավորված էր նաև մեկ այլ հանգամանքով՝ միաժամանակ մի քանի նոր ներկրողների՝ շուկա մուտք գործելով:
«Վերջին մեկ շաբաթում մի քիչ կտրուկ իջան գները, քանի որ որոշ մարդիկ սկսեցին բանան բերել առանց հաշվարկի: Բանանի շուկան սահմանափակ է, օրը մոտ 2 կոնտենիեր է վաճառվում Հայաստանում, մեկ կոնտենիերը 23-24 տոննա է: Պատկերացրեք, ինչ կլինի, եթե մի օրում 5 կոնտենիեր բանան մտնի հայաստանյան շուկա: Որպեսզի միրգը չփչանա, արագ սկսեցին վաճառել ոնց կարողացան: Արդյունքում գները պայթեցին ու հասան ինքնարժեքին։ Որոշ մեծածախ վաճառողներ մինուսով սկսեցին աշխատել: Կրկնեմ, չնայած մի երկու նոր ներկրողի, ինքնարժեքի վրա ազդեցության հիմնական գործոնը Էկվադորում գների կտրուկ անկումն էր»,-ասաց նա:
Նրա խոսքով, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում բանան ստաբիլ ներկրող 5-10 ընկերություն կա:
«Իրադարձային մի քանի ներկրող են ավելացել, որոնք չգիտեմ ինչքան կմնան շուկայում, բայց դա հաստատ էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Հայաստանում այլ երկրների հետ համեմատ բանանը թանկ է, գործարարը խնդրեց համեմատել հարկերը, ծովային տրանսպորտի գինը, ճանապարհային ու այլ ծախսերը: