ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների. Նաիրա Զոհրաբյան
«Ես հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժերի և կենտրոնների շատ հարմար է ամեն տեղ և անընդհատ փնտրել ինտրիգներ, բայց մենք աշխատում և համագործակցում ենք նորմալ: Ինչ վերաբերում է մարզպետներին, ես բանակցություններին չեմ մասնակցում, ուստի այդ ուղղությամբ որևէ բան ասել չեմ կարող: Բանակցությունները տանում է մեր կուսակցության ղեկավարը, և դա միանգամայն նորմալ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նոր կառավարության հետ գործակցության թեմային:
Նա շեշտեց, որ իրենց կուսակցությունը նրանցից չէ, որ աշխատում է ընտրությունից ընտրություն:
«Մեր բոլոր տարածքային գրասենյակները բաց են եղել և բաց են: Մենք մեր տարածքային կառույցների հետ հանդիպում ենք ամենօրյա ռեժիմով և քննարկում ենք կուսակցական ընթացիկ խնդիրները: Որևէ սենսացիա դրանում չկա և չպետք է փնտրել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ երկրում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է ձևավորվել, որի հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են:
«Մենք ասում ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց մենք նաև հասկանում ենք, որ մինչ ընտրությունները իրավական մի քանի խնդիրներ պետք է լուծենք՝ Ընտրական օրենսգիրք, մասնավորապես տարածքային ցուցակների հանում, մատնահետքերի միասնական շտեմարանի ներառում: Արտահերթ ընտրություններն իրատեսական համարում եմ աշնանը, և ԲՀԿ-ն գնալու է բացարձակ մեծամասնության վստահությունը վերցնելու ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է»,- ասաց Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին