Չե՞ք կարծում, որ պետք է ազատվել գողական ժարգոնով սերիալներից. Հակոբյանը՝ Մակունցին
«Չե՞ք կարծում, որ արժե օր առաջ ազատվել հեռուստաեթերից հեռարձակվող գողական ժարգոն, ընտանեկան բռնություն ցուցադրող սերիալներից»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Նախարարը նշեց, որ անելիքներ ունեն, և ոչ միայն իրենց նախարարությունը, այլև կրթության և գիտության նախարարությունը։
«Պետք է փորձենք հասկանալ ինչ մեխանիզմներով, ինչ բանակցային համագործակցային ձևաչափերով կարելի է որոշակի քաղաքականություն հրամցնել այդ ոլորտում»,- ասաց Մակունցը։
Պատգամավորը արձագանքեց. «Կցանկանայի նաև, որ մի փոքր աշխատեիք նաև այն ուղղությամբ, որպեսզի թատրոններում դերասանների և ռեժիսորների աշխատավարձերը բարձրանային այնքան, որպեսզի նրանք կարիք չունենային նկարվելու սերիալներում»։
Նախարարն ի պատասխան ասաց. «Միասին պիտի աշխատենք»։