Աշխարհի տարբեր երկրների լրագրողական թիմերը Հայաստանում ֆուտբոլի մրցաշարի կմասնակցեն
Հայաստանում մայիսի 26-ին կանցկացվի ֆուտբոլային մրցում, որին մասնակցում են յոթ երկրների լրագրողներ: Մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի լրագրողական թիմերը, ինչպես նաև երկու թիմ Հայաստանից՝ Երևանից ու Գյումրիից:
«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նշեց, որ սա ոչ միայն մարզական միջոցառում է, այն առավելապես նպատակ է հետապնդում բարձրացնել Հայաստանի տուրիստական գրավչությունը:
«Համեստ միջոցներով կարողանում ենք Հայաստան բերել լրատվամիջոցների ներկայացուցիչների, նրանց հրապարակումները, նաև ֆեյսբուքյան հիացական հրապարակումներն անմիջականորեն նպաստում են Հայաստանի մասին դրական տեղեկությունների, դրական էմոցիաների աճին: Այսօր նաև հետաքրքրություն կա մեր տարածաշրջանի նկատմամբ, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ կցանկանան գալ, ժամանակ անցկացնել, տեսնել՝ որքան հյուրընկալ ժողովուրդ են հայերը»,- ասաց նա:
Ալավերդյանը նշեց՝ նախորդ տարի այնքան դրական էին տպավորությունները, որ արձագանք ստացան Գերմանիայի, Լեհաստանի և այլ երկրների ներկայացուցիչներից, թե՝ սրանք իրենց կյանքի երջանիկ օրերից էին: Որպեսզի այդ օրերը կրկնվեն, կազմակերպիչները դիմել են հովանավորներին, ովքեր էլ օգնեցին իրենց: Մրցումների հյուրերը ժամանելու են արդեն վաղը, մասնակիցների մի մասը ցանկություն է հայտնել մեկ օր շուտ գալ, որպեսզի ծանոթանան մշակութային վայրերին, մյուս մասը կժամանի ամսի 25-ին, նրանց համար էքսկուրսիոն ծրագիր են մշակել: Մայիսի 26-ին կկայանա մրցաշարը, իսկ հաջորդ օրը նախատեսվում է այց Սևանի թերակղզի: Մայիսի 28-ին մրցաշարի մասնակիցները ներկա կլինեն առաջին հանրապետության հարյուրամյակի միջոցառումներին, որից հետո կմեկնեն իրենց երկրներ:
Ալավերդյանը հայտնեց, որ այս տարի Գավաթը կոչվելու է «Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակի» գավաթ, իսկ միջոցառումը որոշել են անցկացնել մայիսին, որպեսզի տոնական օրերի հետ համընկնեն:
Նախորդ տարի անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը: Այս տարի նրանք պայքարելու են առաջին տեղի համար: Այժմ թիմը մարզվում է, բազմաթիվ ընկերական խաղեր են անցկացրել, այսօր էլ վերջին մարզումն են անցկացնելու: Թիմի մարզավիճակն, ըստ Դավիթ Ալավերդյանի, բավական լավ է, սակայն պետք է հաշվի առնել, որ թիմի անդամների միջին տարիքը 35 տարեկան է:
«Մեզանից հրաշքներ ակնկալել չարժե, բայց տրամադրված ենք ավելի լավ խաղալ: Հուսադրող է նաև այն, որ մյուս թիմերի միջին տարիքն էլ 22-23 չէ»,- ասաց նա:
Հանրային հեռուստաընկերության մարզական ծրագրերի ղեկավար Կարեն Գիլոյանը հայտնեց, որ լրագրողների միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Նա նշեց՝ սովորաբար հատկապես հետխորհրդային երկրներում ավանդույթ կա անցկացնել նման մրցաշարեր: Գիլոյանը հույս հայտնեց, որ մրցաշարն իսկապես ավանդական է դարձել, նշեց, որ նախորդ տարի շատ լավ պայմաններում անցավ, յոթ երկրների հարյուրից ավելի լրագրողներ, վերադառնալով հայրենիք, գրեցին Հայաստանի, հայերի հյուրընկալության, գեղեցիկ երկրի, լավ մարդկանց մասին: Նպատակն է նաև ցույց տալ մեր երկրի հյուրընկալությունը:
«Ամսի 26-ին կլինի մեկօրյա պայքար, բոլորը բոլորի հետ ձևաչափով խաղում են տասներկու րոպե, թիմերի հետ հավաքների հանդիպման արդյունքներից կախված՝ կարող է տևողությունը փոխվել, դառնալ, ասենք, 15 րոպե: Մենք ցանկանում ենք հյուրերին ցույց տալ Հայաստանն ավելի համակողմանի, հուսով ենք՝ նրանք նույն ժպիտով կվերադառնան իրենց երկրներ»,- ասաց նա:
Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան բանկը: Բանկի ղեկավար Իվան Տելեգինը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է լինել այս միջոցառման գործընկերը, առավել ևս այն մարզական է, թիմակազմական, դրական: Մենք կիսում ենք կայանալիք միջոցառմանն առնչվող ընդհանուր տրամադրությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան