Համանախագահների հետ աշխատանքում եղած դիրքորոշումը պահպանվելու է. Զ. Մնացականյան
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե ԵԱՀԿ համանախագահների հետ աշխատանքում եղած դիրքորոշումներում շարունակակա՞ն են լինելու, թե ինչ-որ փոփոխությու՞ն ունեն։
«Մենք սպասում ենք մտնել երկխոսության գործընթացի մեջ համանախագահների հետ, մեզ համար շատ կարևոր է պահպանել գործընթացի դինամիկան, քանի որ դրա հիմքում դրված է հանձնառությունը՝ շարունակել խաղաղ գործընթացը, բացառապես բանակցությունների միջոցով, դա արտահայտվել է և վերչապետի կողմից, և տարբեր առիթներով մեր կողմից։ Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը»,- պատասխանեց նախարարը։
Նա հայտնեց, որ մոտակա ժամանակներում կունենանք հնարավորությունը հանդիպելու, վերականգնելու ամբողջ գործընթացը։
«Համանախագահների հետ հեռախոսազրույց ենք ունեցել, իրենք տեղեկացրել են մյուս կողմի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման մասին»,- հավելեց Մնացականյանը։