Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այսօր հայտարարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ փոփոխություն իրականացնելու մասին: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ կատարվող միջոցառումները երկու խմբի կարելի է բաժանել՝ տեսահսկող համակարգերով և ոստիկանության տեսուչների կողմից իրավախախտումների արձանագրման քանակի նվազման միջոցառումներ և ՃՈ կողմից որոշակի ժամանակահատվածում տուգանք նշանակելու մասին որոշումների կատարման դադարեցման ուղղությամբ կատարվող միջոցառումներ:
Հարցին՝ արդյոք արդարացի է, որ համաներում է կիրառվում միայն «անբարեխիղճ» վարորդների նկատմամբ, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ վճարումները միայն դատական ակտերի հիման վրա են:
«Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, դա ենթադրում է նաև նման միջոցառումների իրականացում, այնպիսի միջոցառումների, որոնք բխում են քաղաքացու սոցիալական վիճակից, այս քայլը կատարվել է գլխավորապես՝ թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց՝ նրանք, ովքեր չեն վճարել այդ բեռը, այն քաղաքացիներն են, որոնք չեն ունեցել այդ միջոցները, այս տուգանքները, մնալով հանդերձ, վնաս են հասցրել նրանց ընտանիքին, սոցիալական վիճակին: Նա հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման քաղաքականությունը քարացած և հավերժական չէ, նրա արդյունավետությունը որոշվում է հասարակական պրակտիկայով, դրան բնորոշ է փոփոխություններ կրելը: Նա կոչով դիմեց վարորդներին ու հույս հայտնեց, որ պատասխանատվության մեղմացման այս քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա:
«Բոլորս հնարավորություն ենք ստացել ապացուցելու, որ այս տարիների ընթացքում մեր մեջ ձևավորվել է այդ մշակույթը, և այլևս անհրաժեշտություն չկա այդ միջոցների կիրառման: Եթե պրակտիկան ցույց կտա, որ բացասական ազդեցություն է ունենում այս ամենը երթևեկության անվտանգության մակարդակի վրա, վարչարարությունը կխստացվի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան