Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին
Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճը (ընդգրկում է 2400 հանդիսատես) մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ է ընդունել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և մաեստրո Սմբատյանին։ Համերգային ծրագրում հնչել են Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ՝ հանդես են եկել դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական շրջագայությունները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեկնարկել են մայիսի 19-ին Վալետայից, այսօր նվագախումբը բեմ կբարձրանա գերմանական Շտուտգարդ քաղաքում։