Եթե ի վիճակի լինեին վճարելու, ԴԱՀԿ-ից այդ գումարները գանձած կլինեին. Հովհաննես Քոչարյանը՝ խախտումների համաներման մասին
Մի շարք իրավախախտումներ կատարած վարորդների հինգ տարվա տուգանքների համաներման, Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության ոչ դրական ընկալման պատճառը եղած անվստահությունն է: Մայիսի 24-ին Ոստիկանությունում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Նա հորդորեց նմանատիպ քննարկումները պարբերական դարձնել, քանի որ շատ հարցեր կան քննարկելու:
«Կա անվստահություն, չնայած իրավիճակ է փոխվել: Ոստիկանությունը մեծ քայլ է անում՝ շատ խախտումներ կատարած վարորդներին ընդառաջ: Շատ տուգանքներ գուցե գնացել են տաքսու վարորդներին, հետաքրքիր է՝ քանի՞ վարորդի խախտումներից է գոյացել այդքան տուգանք»,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ անարդարության ինչ-որ մաս կա: Ղահրամանյանը խոսեց նաև մեկ այլ հարցի մասին. նա նշեց, որ Կոտայքի մարզում ավելի շատ են վարորդական վկայականներ ստացել, քան Երևանում, այն դեպքում, երբ բնակչությամբ այդ մարզը զիջում է Երևանին:
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ծանոթ է այս փոփոխությունների շուրջ գնահատականներին, մի մասը ողջունում է դրանք, մի մասը՝ անարդարություն տեսնում:
Նա ընդգծեց՝ արդարության սկզբունքից դատելու դեպքում այդ համաներումը պետք չէ կիրառել, իսկ սոցիալական նկատառումներից ելնելով պետք է արդարության կոշտ չափանիշներով չդատել: «Սրանք այն գումարները չեն, որոնցից պետությունը զրկվելու է, մարդիկ են, որ սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվելով՝ չեն կարողացել վճարել: Եթե ի վիճակի լինեին՝ ԴԱՀԿ-ից այդ գումարները գանձած կլինեին: Մի մասի գույքը հետախուզման մեջ է, մի մասը իրենք են հետախուզման մեջ: Սա մարդկանց մեծագույն անհարմարություններ է պատճառելու: Եթե ամեն ինչ սկսում ենք նորից, սա էլ պետք է վերանայվի, այս համաներումն ուղղակի անհրաժեշտություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ի վերջո, սա ոստիկանության որոշումը չէ: Համաներման առաջարկը ներկայացրել է Ոստիկանությունը, սակայն որոշում կայացնելու լիազորությունն իրենցը չէ:
«Վարորդի ընկեր» հկ նախագահ Տիգրան Քեյանը նկատեց, որ դատական ծախսերի խնդիր կա, որը պետք է լուծում ստանա, ինչին Քոչարյանն արձագանքեց, որ հարցի հասցեատերը Արդարադատության նախարարությունն է: Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր տարաժամկետ էլ են վճարել, դրան ևս պետք է անդրադարձ արվի: Քոչարյանը տեղեկացրեց, որ այս նախագիծը վերջնական չէ, այն լրամշակվելու է:
Հարցին՝ ինչու են ներառվել մինչև 2017 թ. դեկտեմբերը, ոչ թե 2018-ի մայիսն արձանագրված խախտումների տուգանքները, Քոչարյանը նշեց, որ նախնական հաշվարկներով մինչև մայիսն էին ներառել, սակայն հաշվարկների արդյունքում հասկացան, որ դա համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու:
Քոչարյանն անդրադարձավ նաև խախտումները կանխարգելելու միջոցառումներին, որոնք կարող են տուգանելուց արդյունավետ լինել: Նա ասաց, որ հասարակության գիտակցության բարձրացման ուղղությամբ արվող քայլերից են քարոզչությունը ԶԼՄ-ների միջոցով, քաղհասարակության ներկայացուցիչների հնարավորությունների օգտագործումը, այցելությունները կրթական հաստատություններ, իրավախախտում ծնող պատճառների վերացումն ու անվտանգության մշտական մոնիթորինգը:
Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում հրաժարվել շարժական ու մեքենային ֆիքսված տեսանկարահանող սարքերից, իսկ ինչ վերաբերում է դրանց՝ անձի մասնավոր կյանքի տիրույթ ներխուժելուն, ապա Սահմանադրությունը նման լիազորություն տալիս է, եթե դա սահմանադրությամբ տրված լեգիտիմ նպատակներին է ուղղված, ինչպես այս դեպքում է:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառն անորոշությունն էր. Հովհաննես Քոչարյան
- Ճանապարհային ոստիկանությունն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնելու
- Անհրաժեշտ է վիճակագրություն նայել՝ որ վարորդներն են, որ այդ տուգանքները չեն վճարել. փաստաբան
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում