ՀՀ նախագահը արտահերթ ընտրությունների, Փաշինյանի ու լրագրողների հետ շփման մասին
«Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի և այդ հարցը պետք է լուծվի ՀՀ ազգային ժողովում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների համար երկու մեծ սուբյեկտ կա, որ պետք է որոշում կայացնի՝ մեկը Հայաստանի ժողովուրդն է, մյուսը՝ ժողովրդի համապատասխան մարմինն Ազգային ժողովում։
«Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի»։
Լրագրողների հարցին թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշ փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ: Պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունի, եթե համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան»։
Մեկ այլ հարցի, թե հե՞շտ է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀ նախագահը պատասխանեց. «Հանձին Նիկոլ Փաշինյանի ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ աշխատասեր մարդու, ում հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությունն է երկկողմանի ունենք հարգալից, կառուցողական աշխատանքային հարաբերություններ: Որևէ խնդիր չեմ տեսնում իր հետ աշխատելու հարցում, ընդհակառակը, կարծում եմ, որ կարող ենք շատ լավ աշխատել միասին»։
Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին նաև երեխաների հետ ունեցած հանդիպման մասին։
«Հանրապետության նախագահը երեխաների հետ պետք է երեխա զգա, պատանիների հետ պատանի, եթե կարիք կա, իրենց հետ պետք է խոսի ու պարի: Մեծերի հետ իրեն պետք է պահի որպես մեծ, զինվորի հետ՝ որպես զինվոր, բայց չգիտեմ, թե ինչպես պետք է պահի լրագրողների հետ, երևի ազատ ու ազնիվ, և հարցերին պատասխանի: Երբ նախագահ չլինեմ կարող եմ ասել ինչ ուզում եք, հիմա պետք է ասեմ այն, ինչ ճիշտ է և նախագահի լիազորությունների և էության մեջ է մտնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին