Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով:
«Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի կամքը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, և բոլոր խնդիրների լուծումը պետք է սկսել այստեղից: «Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: Ժողովրդավարության հաստատման կարևոր փուլ եմ համարում ոչ միայն ազատ, արդար և ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալը, այլ նաև հեռանալը»,- շեշտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները մեր երկրում ամրագրելուն միտված քայլերը, միաժամանակ իր մտահոգությունն արտահայտել ոմանց կողմից ԵԽԽՎ-ն որպես ԼՂ հակամարտության հարթակ օգտագործելու փորձերը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և բանակցությունների համար գոյություն ունի մեկ հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափն է: