Արսեն Թորոսյանը՝ դեղերի մենաշնորհի, աշխատավարձերի բարձրացման մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեղերի ներմուծմանը՝ նշեց, որ դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի նույն դեղը ներմուծի ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություն, ինչը թույլ կտա մրցակցային դաշտ ստեղծել, արդյունքում էլ գնի նվազում կլինի»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ եթե նախկինում եղել են թե օրենսդրական, թե արհեստական խոչընդոտներ, այսինքն՝ մերժել են տվյալ դեղի ներմուծումը երկրորդ ընկերության կողմից, հիմա նման խնդիրներ չեն լինելու:
Արսեն Թորոսյանը ասաց, որ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Նա նաև նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն, բայց շահութաբեր չեն, և ներկրողները չեն ցանկանում դրանք ներմուծել և գրանցել:
Նախարարը խոսեց նաև բուժաշխատողների աշխատավարձերի մասին՝ նշելով, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:
«Հիմա մտքեր կարտահայտեմ,բայց վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի ինչ-որ բարձրացումով, այդ որոշումներին կհանգենք միայն այն ժամանակ, երբ բոլոր անարդյունավետ ծախսած փողերը կհավաքենք: Դա կլինի 1-2 ամսվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, որ հասկանանք՝ արդյոք այդ գումարները ծախսվում են, թե ուղղակի նկարվում են հիվանդությունների պատմությունների տեսքով: Երբ ունենանք հետ բերված գումարը, կորոշենք մեր անելիքները», - ընդգծեց Արսեն Թորոսյանը: