Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ նախագահի 2017թ. հատուկ մրցանակակիր
Այսօր հայտնի դարձան ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակակիրների անունները։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 12 բնագավառների հաղթողներին՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն։
Հատուկ մրցանակի՝ Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար այսօր ՀՀ նախագահի կողմից մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
«Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ նախագահի ձեռքից եմ ստանում մրցանակը, ինչը որ այսօրվա իրադրության պայմաններում նոր իմաստ, նոր բովանդակություն ունի։ Այս մրցանակը խթան է, որ մի անգամ ևս արժևորվի գործը ոչ միայն ինքնին, այլև որ այն հաճախ հնչի, մեր երաժշտական սրահներում։ Կարծում եմ, որ մրցանակի բերած օգտակարությունը հենց սա է»,- մրցանակաբաշխության արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտորը։
Մանսուրյանը նշեց, որ այսպիսի բարձր մրցանակով նա իրեն շոյված ու գնահատված է զգում։
Հարցին, թե Տիգրան Մանսուրյանն այս օրերին ինչով է զբաղված, նա պատասխանեց. «Ավարտում եմ մի գործ, որը աշնանը կհնչի Իտալիայում՝ Սուրբ Մինաս եկեղեցու հազարամյակին նվիրված արարողությանն ու համերգին։ Ծայրահեղ լարված զբաղված եմ այդ գործով, որպեսզի ժամկետների հետ կապված խնդիրներ չունենամ։ «Հավատով խոստովանիմ» Ներսես Շնորհալու աղոթքների շարքից է մի փունջ, յոթ աղոթք»։
ՀՀ նախագահի կողմից հատուկ մրցանակի արժանացավ նաև իտալացի պատմաբան Մարչելո Ֆլորեսը՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ զանգվածային ոճրագործությունների պատմության ուսումնասիրության համար։
«Շատ ուրախ եմ թե մրցանակի, թե Հայաստանում գտնվելու համար։ Առաջին անգամ շուրջ տասը տարի առաջ եմ եղել Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մարչելո Ֆլորեսը։
Բժշկագիտության բնագավառում մրցանակ ստացած դատաբժշկական փորձագետ Բիշարյանն էլ ասաց, որ իրենց թիմը մրցանակ է ստացել «ՀՀ տարածքում անձի նույնականացման և փորձաքննության նպատակով կատարված պոպուլացիոն դիմածնոտային և գենոմային հետազոտություններ» աշխատության համար։
«Աշխատանքը տարիների ընթացքում կատարված գիտական և փորձագիտական աշխատանքի արդյունքն է։ Դատաբժշկանան և դատագենետիկական ուսումնասիրությունների միջոցով մենք ՀՀ տարածքում բնակվող ազգաբնակչության մոտ հայտնաբերել ենք գենետիկ առանձնահատկություններ, ինչպես նաև դատաստոմատոլոգիական առանձնահատկություններ, որոնք կիրառվում են անհայտ անձանց նույնականացման պրոցեսում։ Մրցանակը մեր թիմային աշխատանքի գնահատականն է, ինչը և շատ հաճելի է, և պարտավորեցնող»։
Բժշկագիտության մասով մրցանակներ հանձնվեցին նաև Մարինե Բաղդասարյանին և Դիանա Հարությունյանին։
Բնական գիտությունների ոլորտում մրցանակակիրներն են Գեղամ Գևորգյանը, Կարեն Քեռյանը, նաև Սամվել Սիրեկանյաննն ու Անուշ Հովակիմյանը:
Ֆիզիկայի ոլորտում՝ Աշոտ Պետրոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Մարինա Դերձյանը:
Հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակ ստացավ ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը՝ «Ծառ-ծաղկաքաղիկ» գրքի համար:
Գրականության ոլորտում՝ Հովհաննես Երանյանին՝ «Մեղքի պարան» վեպի համար և Արա Առաքելյանին՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար:
Արվեստի բանգավառում «Մենք և դիմանկար՝ Հայաստան» լուսանկարների շարքի համար մրցանակ ստացավ Զավեն Խաչիկյանը, իսկ «Ակնթարթ» լուսանկարների շարքի համար՝ լուսանկարիչներ Հայկ Բաղդասարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը, Լուսինե Սարգսյանը:
«Pattern» լուսանկարների շարքի համար Սիրանուշ Մխիթարյանն արժանացավ մրցանակի, «Քամու հետ» վավերագրական ֆիլմի համար՝ Արթուր Սահակյանը, «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Բաղդասարյանը, «Երկնքի և երկրի միջև» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Գրիգորյանը:
Գրականության ոլորտում մրցանակի արժանացավ Երվանդ Վարդանյանը՝ «Անարխիստների կղզին» պատմվածքների ժողովածուի համար:
Դասական երաժշտության երգեցողության համար մրցանակ ստացան Ջուլիետա Ալեքսանյանը և Հովհաննես Անդրեասյանը բարձր կատարողական արվեստի համար: Իսկ գործիքային կատարման համար՝ Դիանա Ադամյանն ու Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որևէ մրցանակ չտրվեց:
Մինչ օրս ՀՀ նախագահի մրցանակ ստացել է 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային:
ՀՀ նախագահի մրցանակը համակարգում և կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան