Հայաստանը միշտ եղել է ու կմնա, չկա հին ու նոր. Մխիթարյան
«Նորմալ մարզավիճակում եմ»,- այս մասին նշել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երեկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում անցկացնելուց հետո լրագրողների հետ զրույցում։
«Չնայած վերջին հանդիպումն անցակցրել եմ 10 օր առաջ, բայց կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ տասն օր ազատ եմ լինելու, բայց ինքս ինձ վրա աշխատել եմ»,- ասաց ֆուտբոլիստը։
Հարցին, թե հավաքականի գլխավոր մարզիչը կրկին Վարդան Մինասյանն է, սպասելիքներն ինչպիսին են, Մխիթարյանը պատասխանեց . «Սպասելիքները շատ են։ Կարծում եմ՝ նա նույնպես սպասելիքներ ունի մեզնից։ Չնայած հեշտ չի լինելու, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք»։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մայիսի 29-ին հանդիպում կունենա Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան Ավստրիայում։
Ինչ վերաբերում է «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերին հրաժեշտ տալուն, Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Դժվար է հրաժեշտ տալ, չնայած որ վեց ամիս եմ աշխատել Վենգերի հետ, բայց կարող եմ ասել, որ տպավորություններս շատ մեծ են նրա մասին՝ թե որպես մարզիչ, թե որպես մարդ։ Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, դեռ չեմ շփվել, բայց հույս ունեմ, որ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»։
Լրագրողները Մխիթարյանից նաև հետաքրքրվեցին, թե Երևան վերաֆառնալուց հետո նոր Հայաստանի զգացողությունի ունի՞, ինչին ի պատասխան ֆուտբոլիստն ասաց. «Նոր Հայաստան չկա, Հայաստանը միշտ եղել է ու կմնա, չկա հին ու նոր, կա Հայաստան։ Ամեն գալով կարող եմ ասել, որ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով արդեն նոր սեզոնը մեկնարկել»։
Լուսանկարներում ներկայացված է երեկվա Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքը։
Լուսանկարներն՝ ազգային հավաքականի ֆեյսբուքյան էջից։